Որպես կառավարության ծրագրի կատարման արդյունք ԱԺ կուղարկվի վարչապետի ներկայացրած «100 փաստը»
«Մենք մինչև մարտի 1 պետք է զեկույց ներկայացնենք ԱԺ, որտեղ զետեղված կլինեն նաև վարչապետի ներկայացրած 100 փաստերը»,- կառավարության նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Զեկույցի նպատակն է ներկայացնել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները։
Գրիգորյանի խոսքով, բացի վարչապետի ներկայացրած 100 փաստից, զեկույցում ներառված կլինեն նաև թվեր, ցուցիչներ, որոնք հավաքագրվել են հայաստանյան գերատեսչություններից.
«Ստացել ենք զեկույցի նախագիծ, որը կարծում եմ, բավականին քննարկված է ներքին միջգերատեսչական հարթակներում»։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հաշվետվողականությունը կառավարության գործունեության կարևոր հատվածներից մեկն է։
«Յուրաքանչյուր նախարարություն պետք է հաշվետու լինի, և այս զեկույցը ցույց է տալիս նաև այս կամ այն նախարարության աշխատանքի որակը։ Ես առաջարկում եմ նախարարություններին ինքնաստուգում իրականացնել և տեսնել, թե այդ 100 փաստերից որոնք են վերաբերում այս կամ այն գերատեսչությանը»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ներկայացրեց զեկույցի նախաբանը, որում ասվում է՝ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր.
«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև 2019-ը պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը։ 2018-ը անցումային շրջան էր, իսկ 19-ը առաջին լիրաժեք տարին էր։ Եվ, գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակար դակը, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ»։