2019 թվականին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մոտ 2 մլն. դեպք է արձանագրվել
«2019 թվականի ընթացքում ընդունվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1, 959, 170 որոշում»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Վերոնշյալ երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման որոշումներից 1,53,170-ը իրականացվել է տեխնիկական միջոցներով, իսկ 428, 000-ը՝ ՃՈ ծառայողների կողմից։
Կարապետյանը տեղեկացրեց, որ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով նվազ նշանակություն ունեցող խախտում կատարելու համար նախազգուշացվել է 298,645 անձ։
«Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու գործով կայացվել է 4, 803 որոշում, պահպանվող տարածք է տեղափոխվել 14,807 տրանսպորտային միջոց, որից 9,405-ը՝ Երևան քաղաքում»,- տեղեկացրեց Կարապետյանը։
Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով ընդունվել է 112,732 որոշում, սահմանային անցակետերում ծանուցվել է 16,706 անձ։
Ըստ Կարապետյանի, նախագծվել, մշակվել և շահագործման է հանձնվել ՀՀ ՃՈ առցանց հարթակը և տուգանային միավորների հաշվառման էլեկտրոնային համակարգը, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ վարչական տույժ նշանակելու մասին իրենց նկատմամբ կայացված որոշումներին, հետևել իրենց տուգանային միավորներին։
«2019-ի ավարտին տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի 147 խաչմերուկ և ճանապարհային առանձին հատված։ Իսկ Երևան քաղաքում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին շահագործվում է 169 արագաչափ սարք, որից 90-ը Երևան քաղաքում»,- նշեց Կարապետյանը։
Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում 2019 թվականին հաշվառվել է վարորդական վկայական ունեցող 473 քաղաքացի, վարորդական իրավունքները ճանաչվել են ուժը կորցրած, դրանցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ։
Նշվեց նաև, որ 2019 թվականին ՃՏՊ-ների հետևանքով մահացել է 341, և մարմնական վնասվածք է ստացել 6801 քաղաքացի։ 2018 թվականի համեմատությամբ պատահարների քանակը աճել է 688-ով, իսկ վիրավորների թիվը 851-ով։ Մահերի թիվը 2018-ի համեմատ նվազել է 2-ով։