Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի
Հայաստանի երկու հարևան երկրներում կորոնավիրուսի դեպքերի առկայության ու դրանց հետևանքով Իրանում մահվան դեպքերի համատեքստում կառավարությունը պետք է պիտանելիության երկար ժամկետ ունեցող սննդամթերքի պահուստային ռեզերվներ ստեղծի։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը՝ միաժամանակ կոչ անելով չհետևել իտալացիների օրինակին ու խուճապահար չդատարկել խանութներում առկա սննդամթերքը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դասեր քաղի այլ երկրների փորձից։
«Ռեզերվների ստեղծումը շատ կարևոր է, քանի որ միայն մի քանի մթերքների մասով՝ կարտոֆիլ, կաթ, միս, ձուկ, ձու Հայաստանն ունի ինքաբավություն։ Մեր ազգաբնակչությունը բավականին շատ հաց է օգտագործում, իսկ ալրային հենքով սննդամթերքի մասով Հայաստանն ինքնաբավության խնդիր ունի։ Ես չեմ կարող ասել, թե հիմա հացահատիկի, ալյուրի ինչ ռեզերվներ կան Հայաստանում»,-նկատեց նա։
Մասնագետն այն համոզմանն է, քանի որ պարենային ապահովությունը ազգային անվտանգության անքակտելի մաս է, լավ կլինի ԱԱԽ-ին կամ վարչապետին կից լինի նաև պարենային ապահովության հանձնաժողով, որը եռամսյակային ուսումնասիրություններ կանի։
«Քանի որ հիմա Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողով է ձևավորվել, կարծում եմ, որ լավ կլինի դիտարկվեն այս խնդիրները։ Ի վերջո, այդ ռեզերվը, որը մենք կունենանք, հետագայում կօգտագործենք՝ և այլյուրը, և հատիկները պիտանելիության երկար ժամկետ ունեցող մթերքներ են, կարծում եմ այստեղ ճիշտ է Թոնի Բլեյերի սկզբունքը, ավելի լավ է լինել ապահով, քան ասել ներողություն»,-նշեց նա։
Սննդի կուտակման առումով սեզոնն էլ լավը չէ, պահածոներն ու պահեստավորած սնունդը վերջանալու վրա են, իսկ հողի բանջարեղենը շուկա կհասնի ամիսներ հետո։
«Հետևաբար նախապատրաստվելը շատ ճիշտ է, պետք է գնահատվեն առկա պաշարներն ու ստեղծվեն լրացուցիչ ռեզերվներ։ Դրանք շատ պետք են, գիտեք, նաև արտակարգ իրավիճակներում, իսկ դրանցից ոչ մի երկիր ապահովագրված չէ»,-ընդգծեց Պիպոյանը։
Նա կարծում է, եթե նույնիսկ բանը հասնի Վրաստանի հետ սահմանը փակելուն, ապա երկաթուղին կշարունակի գործել, որի միջոցով իրականացվում են բեռնափոխադրումները։ Սննդագետը հիշեցնում է, բացի մեծածավալ ներմուծումից, Հայաստանը նաև արտահանում է պտուղ-բանջարեղեն։ Սահմանի հնարավոր փակման պարագայում տեղական բանջարեղենը կսպառվի ներքին շուկայում։
Պիպոյանը նկատել է, որ ազգաբնակչությունն ավելորդ խուճապի է մատնվում, հիշեցնում է՝ սննդամթերիքի միջոցով կորոնավիրուսի վարակում տեղի չի ունենում։ Իտալիայում սովորած, աշխատած գիտնականն ամենօրյա կապի մեջ է իր գործընկերների, ծանոթների հետ։
«Պատշաճ իրազեկումը, տեղեկատվության պատշաճ տրամադրումը հասարակությանը նպաստում է խուճապից խուսափելուն։ Տեսեք, մեր երկրում մարդիկ մի հիմար հրապարակման պատճառով հրաժարվեցին բանանից, խուճապ գնաց, բազմաթիվ մարդիկ բանանից զրկեցին իրենց երեխաներին։ Մասնագետն ինչքան ուզում է բացատրի, երբ մարդն առաջնային խնդիրը երկրորդային չի տարբերում, դա էլ է խուճապի տեղիք տալիս»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի դեղատներում նույնպես դիմակների սղություն է
- Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են ԱՀԿ հետ
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Շուրջ 45 բեռնատար է հատել Իրանի հետ մեր սահմանը, վարորդներն անցել են ուժեղացված հսկողություն
- Եթե արգելվեն Իրանի հետ բեռանփոխադրումները, կմնանք առանց գազար, կիվի, կաղամբ, աղ ու վարունգ
- Բժշկական դիմակներ չկան ու չեն լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան