Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել.«Մեդիա պաշտպան»
2020 թ-ի փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության տվյալների համաձայն, մշտադիտարկվող ժամանակահատվածում լուրերի հիմնական թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ՝ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» հանրային քննարկման մասին։
Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» կողմի քարոզ է արել, նրա հետ համակարծիք է եղել և «ԱՅՈ» է քարոզել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալվել են և՛ հանրաքվեն նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ իրավապաշտպան, «ՈՉ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը։
Պետրոս Ղազարյանը հաղորդումների ընթացքում երկակի ստանդարտներով է առաջնորդվել: Փետրվարի 21-ին Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը փորձել է շեղել հարցազրույցի հյուրին քննարկվող բուն թեմայից և քննարկել է «ՈՉ»-ի քարոզության հետ միայն մասնակիորեն կապ ունեցող թեմաներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելիս ավելի քան 37 րոպե «ԱՅՈ»-ի քարոզչությունից որևէ շեղման միտում չի եղել։
Փետրվարի 22-ին Հանրային հեռուստաընկերությունը «ՈՉ» քարոզչական կողմի անունից նշանակման ենթակա՝ տեղամասային հանձնաժողովի անդամների ներգրավմանը վերաբերող տեսանյութում անդրադարձել է միայն 4 կուսակցություններին ուղղված խնդրանքին՝ չանդրադառնալով «ՈՉ»-ի փետրվարի 21-ի անհատ քաղաքացիների կողմից համապատասխան հայտերի ընդունման վերաբերյալ հրապարակային հայտարարությանը:
Փետրվարի 21-ին «Խաղի կանոններ» հաղորդաշարի ընթացքում սահմանադրական հանրաքվեի թեման նույնպես քննարկվել է: Հաղորդմանն ընդհանուր հատկացվել է 43 րոպե 30 վայրկյան։ Հաղորդման հյուրերն են եղել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Փետրվարի 23-ին «Հանրային քննարկում» հաղորդմանը հյուրեր են եղել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Հաղորդման ընթացքում «ԱՅՈ»-ին կողմ է արտահայտվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Չեզոք դիրքորոշում են ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը և ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Այս հաղորդման ընթացքում հյուրերի ցանկում չեն եղել հասարակական քաղաքական գործիչներ, ովքեր «ՈՉ»-ի կողմնակիցներ են։ Մ
շտադիտարկված ժամանակահատվածում Հանրայինի լուրերի թողարկումներում տեղ են գտել նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը և ՀՅԴ ներկայացուցչի խոսքը: Վերջիններս հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական են որակել։
Հանրայինի եթերում է եղել նաև «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաքի մասին լուրը և Սուրեն Պապիկյանի խոսքը, որը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին։ Այսպիսով, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության իրականացրած սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա մշտադիտարկման արդյունքներով, հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն ավելի շատ եթերաժամանակ է տրամադրել «ԱՅՈ»-ի քարոզչությանը, միևնույն ժամանակ «ՈՉ»-ի քարոզչական կողմին ոչ միայն չի տրվել հավասար եթերային ժամանակ, այլև` Հանրայինի եթերով «ՈՉ»-ի տեսակետները ներկայացնելու հարցում խնդիրներ են առաջացել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան