Գլոբալ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Վարչապետ
Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին:
Առաջարկվող ծրագրով յուրաքանչյուր ցուցիչի մասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը:
«Օրեր առաջ Անվտանգության խորհուրդն ինձ համար զեկույց էր պատրաստել՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի տեղի շարժընթացի վերաբերյալ: Աշխարհում, գիտեք, տասնյակ ցուցիչներ կան, ամենատարբեր ոլորտների, և այդ ցուցիչների մեծ մասում՝ առյուծի բաժնում Հայաստանը շատ հստակ առաջընթաց է գրանցել:
Բայց կան ցուցիչներ, որտեղ կամ առաջընթաց չենք գրանցել, կամ արձանագրված առաջընթացը շոշափելի չէ: Ես դրանք առանձնացրել եմ, որպեսզի նաև փոխվարչապետների և կառավարության անդամների հետ դա դարձնենք օրակարգ: Իհարկե, մեզ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, և մենք արձագանքում ենք: Ընդ որում՝ այստեղ մեր քաղաքական ուղենիշը պետք է լինի հստակ, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է իսկապես ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, և սրա համար կան բոլոր քաղաքական նախադրյալները»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը գործարարությամբ զբաղվելու օրակարգը հստակ ձևակերպել է: Գործադիրի ղեկավարն ընդգծել է գլոբալ ցուցիչների կարևորությունը նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքին նպաստելու առումով: