Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով վատթարագույն տեղում ենք. վարչապետ
«Մենք լուրջ խնդիր ունենք՝ կապված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման ցուցանիշով Հայաստանն աշխարհում վատթարագույն տեղում է գտնվում։
«Հետաքրքիրն այն է, որ մեր երկրում այս պրոցեսներին զուգահեռ, ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Իհարկե, այստեղ շատ մեծ դեր է ունեցել պատերազմը, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում կա արձանագրում կանանց դերի վերաբերյալ։ Ըստ որի՝ կանանց դերի ընկալման էն իրավիճակը, որ մենք էսօր ունենք, սպառնալիք է մեր ազգային անվտանգությա համար»,- շեշտեց Փաշինյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կանխարգելման ուղղությամբ արդեն մշակվել է ազգային ծրագիր, և շուտով կհաստատվի. «Այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ Հայաստանը սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով աշխարհում վատագույն երկրների եռյակում է։ Մյուս 2 երկրները Չինաստանն ու Ադրբեջանն են։
«Սա նաև մշակութային խնդիր է, որ մենք պետք է տարիների ընթացքում փոխենք։ Ինչքան էլ մենք իրավական ակտեր մշակենք, օրինակ, սեռը չասենք ծնողներին և նման սահմանափակումներ անենք, գտնվելու են հղիության ընդհատման ավելի վատ տարբերակներ։ Ուստի ավելի կարևոր է կնոջ դերի բարձրացումը, որով մենք կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել առաջիկա տարիներին»,- եզրափակեց Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան