Մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք. տնտեսագետ
Մենք պետք է մեր երկրում հասնենք իրավիճակի, որ հաջողությունների մասին խոսի ժողովուրդը, այլ ոչ թե իշխանությունը։ Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
Վերջինիս խոսքով, 2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որն ունի դրական և բացասական դրսևորումներ.
«Նախորդ տարվա տնտեսական զարգացման մեջ մեծ դեր ունեն հասարակությունը և նրա սպասումները։ Բացի քաղաքական դիրքորոշումներից, նախորդ տարի 1-2 համակարգային փոփոխություն է եղել։ Խոստումներից բացի ոչ մի ինստիտուցիոնալ տեղաշարժ չի եղել։ Կան առանձին միջոցառումներ, որոնք էլ ստացել են հասարակության արձագանքը»։
Տնտեսագետը նշեց, որ 2019 թվականին արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, որտեղ առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունը մեծ է, կամ նրա սպասումներն ավելի լայն դրսևորում են ունեցել։ Բացի այդ, բանկային համակարգում աճի տեմպերը եղել են անհամեմատ բարձր։
Այնուամենայնիվ, ըստ Բագրատ Ասատրյանի, բովանդակային առումով 2019-ի միայն առանձին հատվածների զարգացումներն են հիացմունքի առարկա: Նա տեղեկացրեց, որ արդյունաբերության մեջ առաջնային տեղում է հանքարդյունաբերությունը՝ 23-24 տոկոս, իսկ վերամշակող արդյունաբերության աճն ավելի ցածր է եղել:
«Գյուղատնտեսությունը դեռևս չի արտացոլում այն իրականությունը, ինչ մենք ունենք Հայաստանում։ Մենք հասկանում ենք, որ այն մեր մոտ մնացորդային բնույթ է կրում, և խոսել գյուղատնտեսության զարգացման, տեխնոլոգիայի, ժամանակակից ինչ-որ բաների մասին, անիմաստ է։ Մենք 17-րդ դարից շատ քիչ ենք այսօր տարբերվում՝ մի 2 ջերմոցով ու մի 2 տեխնիկայով։ Էս է ընդամենը։ Գյուղատնտեսության զգալի մասն այսօր էլ բնամթերային բնույթ է կրում։ Այսինքն՝ ընդհանրապես տնտեսական շրջանառությունից դուրս է»,- ասաց տնտեսագետը։
Տնտեսության մեջ անհանգստացնող հանգամանք է նաև այն, որ ներմուծման ծավալները գերազանցում են արտահանման ծավալներին։ Ըստ Ասատրյանի, արտաքին առևտրի աշխարհագրությունում տեղի ունեցող շարժերը ևս խնդրահարույց են։
Նրա կարծիքով, մեր մեծագույն նվաճումներից մեկը մակրոտնտեսական կայունությունն է, սա նախապայման է, սակայն, ըստ տնտեսագետի, մենք չպետք է հիանանք նրանով, որ արդեն որերորդ տարին է ծրագրվածից ավելի ցածր գնաճ ունենք:
«Գնաճը տնտեսական աճի բաղադրիչներից մեկն է, և պետք է ուշադիր, հետևողական լինենք, որ այդ ցուցանիշները համապատասխանեն տնտեսական աճին»,- ասաց նա:
Խոսելով 2020 թվականի բյուջեի և ցուցանիշների մասին՝ տնտեսագետը նշեց, որ հունվարի համար բյուջեի եկամուտները 151 մլրդ են կազմում, իսկ ծախսերը՝ 81 մլրդ. «Ես սա որևէ կերպ չեմ հասկանում, ո՞նց է էսպես լինում, որ հունվարի ընթացքում ծրագրված է 3 անգամ ավելի քիչ ծախս։ Տեսեք, տարվա սկզբից ծախսերը չեն կատարվում, իսկ դրանք զարգացման լուրջ խթան կարող են լինել, եթե համաչափ իրականացվեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան