Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»։