Ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչև 2026 թվական
Հայաստանի ԱԷԿ-ում կատարվում են պաշարների վերականգնման և կայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու աշխատանքներ։ Այս մասին այսօր «Հայաստանում ատոմայինբնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Վերջինս նշեց, որ արդեն իսկ տրվել է ռեակտորային կայանքը մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորության եզրակացությունը. «Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով, ավատրվել են 5000 միավոր մնացորդ սարքավորումների ուսումնասիրություններն ու հիմնավորումները, արդիականացման հաշվին 10-15 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխվել են մեքենայացված սրահի սարքավորումներն ու կատարվել են անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները»։
Սվիրիդենկոյի խոսքով, անհրաժեշտ է ապահովել էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
««Ռոսատոմ» պետկորպորացիան ունի ԱԷԿ-ների շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման փորձ։ Մասնավորապես, կրկնակի երկարաձգվել են Կոլսկի և Նովովորոնեժյան ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետները։ Մենք առաջարկում ենք այդ կոնցեպտը հայկական կողմին ևս։ Ներկայումս, հայկական կողմը մշակում է սեփական մոտեցումները՝ հիմնված իր մոտեցումների վրա»,- ասաց Սվիրիդենկոն։
Նա հավելեց, որ պայմանագրի վարկային միջոցների մոտավորապես 70% -ը արդեն օգտագործվել է, և ըստ նախնական ծրագրի, հաստատության գործունեության ժամկետը երկարացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2021 թվականի վերջը, սակայն դեռևս հստակ չէ՝ կլինի այդպես, թե ոչ։ Այժմ լրացուցիչ բանակցություններ են ընթանում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանը կընդունի էներգետիկայի զարգացման մինչև 2040 թվականի ռազմավարությունը, որն այժմ մշակման փուլում է։
«Դրա նախնական փուլը ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը երկարաձգելն է։ 2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը»,- ասաց նա։
Ալեքսանյնաը ընդգծեց, որ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը կառավարությունը համարում է անհրաժեշտություն։