Երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթի զոհերի հիշատակին
Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակւ հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։
Սումգայիթի զոհերի հիշատակը հեվարժացնող հուշարձանի մոտ Ծաղիկներ դնելուց հետո Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու ներկա հոգևորականները հնչեցրեցին տերունական աղոթք։
«Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»,-ավելի ուշ իր էջում գրել է Փաշինյանը։
Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։
Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։
Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։
Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»
- Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. հայտարարություն
- Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյան
- Սումգայիթը ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խաղաղ ցույցերին Ադրբեջանի պատասխանն էր. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան