ԵԱՏՄ-ում քննարկումներ կլինեն դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հանրային կապերի բաժինը:
Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը բարձրացրել է ՀՀ-ում դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրմանը, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների միջև տեղեկատվական համագործակցության բարելավման, տեղեկատվության փոխանակման նպատակով միասնական հարթակի ստեղծմանը վերաբերող հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ՀԲ «Պետական համակարգի արդիականացման» ծրագրի շրջանակում Հայաստանում աշխատանքներ են իրականացվում թվային հարթակի ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի շուկայական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության աշխատանքների բարելավման համար և հասանելիություն կապահովի այլ պետական մարմիների տեղեկատվական բազաներին՝ առաջարկելով դիտարկել նմանատիպ հարթակի ներդրման հնարավորության հարցը նաև ԵԱՏՄ-ի շրջանակում, ինչը հավանության է արժանացել:
Միաժամանակ առաջարկվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմիններին այս հարցում կիրառել Հայաստանի փորձը:
Դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրման առաջարկի հետ կապված խորհրդակցության շրջանակում որոշում է կայացվել համատեղ ջանքերով սկսել ԵԱՏՄ հարթակում ակտիվ քննարկումներ ծավալել դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ՝ արձանագրելով, որ զուգահեռ ներմուծման գործընթացների կիրառման անհնարինությունը կամ դրա իրականացումը ոչ ամբողջ ծավալով մրցակցային խնդիրներ են ստեղծում ոլորտում՝ պատճառ դառնալով շուկայում դեղերի բարձր գների ձևավորմանը:
Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատանքներ են տարվում դեղերի գների կարգավորման մեխանիզմների ուղղությամբ, մասնավորապես որոշակի խումբ դեղամիջոցների համար բացթողնման սահմանային գների, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վերադիրների սահմանման համար՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՏՄ մրցակցային մարմինների միջև ակտիվ համագործակցությունը:
Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող 2020 թվականին նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի առաջարկությամբ տեղի կունենա Երևանում: