Փաշինյանին զարմացրել է կենսավառելիքի տարածումը Եվրոպայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում»,-ասել է Փաշինյանն իր խոսքում։
Նա մանրամասնել է, որ ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով՝ բրիկետներով, պելետներով:
«Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»,-նշել է նա։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրման ուղղությամբ կատարված նախնական աշխատանքներին: Նա ներկայացրել է համեմատական վերլուծություն կենսավառելիքի՝ բրիկետային և պելետային վառելիքի արտադրության տեխնոլոգիաների, հիմնական առավելությունների, արժեք/ջերմատվություն հարաբերակցության, այլ տեսակի վառելիքի հետ համատեղելիության/փոխարինելության, արտադրության համար անհրաժեշտ հումքային պաշարների վերաբերյալ:
Նախարարի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով: Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության և ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում: