«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատանքից ազատվում են Թորոսյանի նեղ անձնային շահերի պատճառով»
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում պատասխանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ավելի վաղ արված հայտարարություններին։ Հայտարարությունում ասվում է.
«Պարոն Թորոսյան,
Ի տարբերություն Ձեր տպավորությանը՝ մեր տպավորությամբ այն, ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ շատ քիչ աղերս ունի առողջապահական համակարգը բարեփոխելու, մասնագիտական գործոնները հաշվի առնելով որոշումներ կայացնելու Ձեր հայտարարությունների հետ:
Ցավալի է, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» հետ համեմատություններ անցկացնելիս չեք տեսնում տարբերությունը հզորացման ու ընդլայնման, և մեկ կայացած բժշկական կազմակերպությունը մեկ այլ՝ բազմաթիվ խնդիրներ ունեցող կազմակերպության մեջ տարրալուծելու, կազմաքանդելու, ըստ էության, լիկվիդացնելու մեջ:
Բուժական ո՞ր պրակտիկաներն են հնացած ու ոչ արդյունավետ ՁԻԱՀ-ի կենտրոնում, որոնք բարեփոխման կարիք ունեն, ո՞ր երկրներն են հրաժարվել առանձին ՁԻԱՀ-ի կենտրոն ունենալուց՝ միացնելով այն ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպե՞ս են փոխվել համաճարակի զարգացման միտումներն այդ երկրներում նման միացումից հետո, և ինչպիսի՞ն է ներկայումս այդ երկրներում համաճարակային իրավիճակը: Սրանք մի աննշան մասն են մեր այն հարցադրումների, որոնց պատասխանների հիման վրա պետք է կայացվեր որոշում, և որոնց պատասխաններն այդպես էլ չստացվեցին: Եթե չգիտեք նշված հարցերի պատասխանները՝ պատրաստ ենք լրացնելու Ձեր գիտելիքների պակասը:
Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ի կենտրոնի ներկայիս շենքին, ապա Ձեր իսկ հեղինակած կառավարության որոշման համաձայն՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ՁԻԱՀ-ի կենտրոնին հանձնված գույքը՝ շենքը, հողամասը հետ են վերցվելու կազմակերպությունից: Եվ չի կարելի մանիպուլյատիվ հայտարարություններով՝ թե «որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու առողջապահական համակարգից», թյուրիմացության մեջ գցել հանրությանը:
Նույն կերպ կարելի է հայտարարել, թե «որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու» Երկիր մոլորակից:
Ի վերջո, մասնագիտական խիստ դիրքորոշումը, այլ ոչ Ձեր կողմից շարունակաբար շահարկվող նեղ անձնային շահն է Կենտրոնի մասնագետների աշխատանքից ազատվելու դիմումներ գրելու պատճառը, որոնք, գիտակցելով գործազուրկ դառնալու հեռանկարը, գնացին այդ քայլին իրենց մասնագիտական խղճի առաջ հանգիստ լինելու համար, քանզի չեն ցանկանում դառնալ Ձեր սխալ, անհիմն որոշումների հետևանքների կրողն ու պատասխանատուն:
Եվ դեռ հարց է, թե ում նեղ անձնային շահն է ընկած այդ որոշման հիմքում»:
Հարակից հրապարակումներ`
- «Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին