Վիտալի Բալասանյան. «Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ...»
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փետրվարի 28-ի հանդիպել է ընտրողների հետ Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Էրքեջ, Նոր Ղարաչինար, Նոր Խարխափուտ, Չարեքտար, Քնարավան համայնքներում։
Ամեն համայնքում Բալասանյանն անդրադարձել է այն հստակ խնդիրներին, որոնք ունեն տվյալ գյուղի բնակիչները և ներկայացրել իր թիմի լուծումները։
Տների և հողակտորների սեփականաշնորհումը պետք է լինի պարտադիր պայման: Լուրջ խնդիր է նաև ջրագծերի բացակայությունը։ Ու եթե Չարեքտարում այս ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է, մյուս համայնքներում մարդիկ դեռ սպասման մեջ են։
«Հողը մերն է, մեր գյուղացունն է , մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել։ Դա նշանակում է, որ այն մեր մարմնի մասնիկն է ու մենք պետք է արարենք դրա վրա, երկիրը զարգացնենք»,- ասել է Բալասանյանը։
Արցախի Հանրապետությունում բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկն էլ կոռուպցիան է՝ ամենատարբեր դրսևորումներով:
«Առաջին հերթին պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, բյուջեի մսխման և քիրվայության դեմ: Սյս ամենի արդյունքում է, որ մեր գյուղական համայնքներում առայսօր լուծված չեն կենսական նշանակության խնդիրները, որոնցից ամենագլխավորներից մեկն են ջրագծերը»,- ընդգծել է նախագահի թեկնածուն։
Ինչպես Արցախի շատ համայնքներում, այս գյուղերում էլ առաջնային են նաև փողոցային լուսավորության, մշակութային կենտրոնների՝ ակումբների և զբաղվածության խնդիրները։
«Ամոթ է, որ մեր գյուղացին երեկոյան չի զբոսնում լուսավորված փողոցներով, հյուր չի գնում, տանից դուրս չի գալիս լուսավորության բացակայության պատճառով: Փողոցները պիտի լուսավորվեն արևային էներգիայից սնվող լապտերներով, ինչը չի ծանրաբեռնի համայնքային ծախսերը:
Առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր համայնքներում հիմնել նաեւ ազգային և ժամանակակից արվեստի խմբակներ։ Պիտի ստեղծենք մշակութային կրթության նոր համակարգ, քանզի մշակույթը ազգային արժեհամակարգի հիմքն է, պիտի ապահովենք մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների համակարգված գործունեություն՝ ստեղծագործական ներուժի բացահայտման ու զարգացման նպատակով»,- նշել է Բալասանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում
- Վիտալի Բալասանյան. Արցախում կան նախագահի թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ
- Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար»
- Վիտալի Բալասանյան. Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ yerevan.today
- Վիտալի Բալասանյան. Ես տալիս եմ իմ համաձայնությունը
- Վիտալի Բալասանյան. Ադրբեջանին ձեռնտու է եղել, որպեսզի սահմանային լարվածությունը զրոյանա