Իրանից Երևան հասած բեռնատարի վարորդը ջերմաչափվում էր
Երևանի «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ Իրանից Երևան ժամանած բեռնատարի վարորդին երեկ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով մարդիկ իջեցրել են մեքենայից և բժշկական դիմակ հագցրել։ Դեպքի մասին հայտնի է դարձել, քանի որ ականատեսներից նկարահանել են և ուղարկել լրատվամիջոցներից մեկին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Panorama.am-ին ասացին՝ «ընդամենը բեռնատարի վարորդի հերթական զննություն է կատարվել»։
«Բեռնատարները պարբերաբար կանգառներ են ունենում, և վարորդներին զննում են։ Դա արվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարորդը մեկուսացվի, իսկ եթե այդ անհրաժեշտությունը չկա, ապա նա հանգիստ կշարունակի իր աշխատանքը։ Մեր մեքենան անընդհատ ուղեկցում է Իրանից ժամանած բեռնատարներին»։
Ազգային կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը հավատացրեց, որ բեռնատարի վարորդն անցել է նախատեսված զննությունը, իրականացվել է ջերմաչափում՝ «վարորդի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»։
Զաքարյանի խոսքով, Իրանից Հայաստան եկող բոլոր մեքենաների գտնվելու վայրի մասին իրենք ինֆորմացիա ունեն և «բոլոր մեքենաներում իրականացվում է պրոֆիլակտիկ զննություն»։
Մեր ճշտող հարցին՝ իրականացվել է ջերմաչափո՞ւմ, թե՞ կորոնավիրուս չի հայտնաբերվել, հատկապես, որ կարող է վարորդի մոտ կորոնավիրուսի գաղտնի շրջան լինել, Զաքարյանը պատասխանեց՝ Իրան-Հայաստան սահմանին որևէ ախտանիշ չի հայտնաբերվել՝ հազ, ջերմություն, ուստի նա կորոնավիրուսի թեստ չի անցել. «Եթե ախտանիշներից որևէ մեկը հայտնաբերվեր, վարորդը միանգամից կմեկուսացվեր և չէր հասնի Երևան։ Բայց քանի որ ախտանշանները չեն հայտնաբերվել, նրան թույլ են տվել շարունակել ճանապարհը»։
Մենք հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք կորոնավիրուսի ախտանշանների չլինելը թույլ է տալիս թեստ չանցկացնել, Զաքարյանը պատասխանեց, որ հիվանդության գաղտնի շրջանում թեստը ցույց չի տա՝ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
- Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է առավելություններ տալ. Խաչատրյան
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան