Դեպի ու՞ր են հոսում փողերը. կապիտալի փախուստի միտումները մտահոգիչ են
Armeniasputnik.am-ը գրում է. «Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` 2019թ-ին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով երկրից, ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 1 միլիարդ 454 միլիոն դոլար։ Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է: Արդյունքում ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի դրական տարբերությունը) նախորդ տարվա ընթացքում կազմել է 504 միլիոն դոլար՝ 2018 թվականի` 597 միլիոն դոլարի դիմաց։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում կապիտալի փախուստի լրջագույն միտումներ են սկսվել, որոնց բացատրությունն առաջին հերթին կապված է հետհեղափոխական իրողություններով և կառավարության հակակոռուպցիոն և հակաստվերային գործողություններով։ Բնականաբար, կապիտալի սեփականատերերի մի մասը, որոնք խնդիր ունեն իրենց գումարների և ունեցվածքի ծագման օրինականության հետ, հատկապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման և ընդունման ֆոնին, ակնհայտորեն աճապարել են թաքցնել իրենց կապիտալի այն մասը, որն առավելագույնս իրացվելի վիճակում է (հատկապես կանխիկ փողի տեսքով), դուրս բերել երկրից ու իրենց կարծիքով տեղաբաշխել այն երկրներում, որոնք համեմատաբար անվտանգ են ու անհասանելի։ Ճիշտ է` հիշյալ օրենքն առայժմ ՀՀ նախագահը չի ստորագրել ու այժմ Սահմանադրական դատարանում ուսումնասիրվում է դրա օրինականությունը, այդուհանդերձ, հետևանքների տեսակետից փողատերերի արձագանքներն ավելի քան խոսուն են։
Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»
Մասնավոր դրամական փոխանցումների աշխարհագրության առումով հասցեատեր երկրները նույնն են՝ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն։ Կարելի է նկատել, որ վերջին երեք տարիներին ՌԴ-ից դեպի Հայաստան կատարված մասնավոր դրամական փոխանցումների ծավալները գրեթե չեն փոխվել։ Դրանք տատանվում են 1 միլիարդ դոլարի սահմաններում. 2019թ-ին ՌԴ-ից մասնավոր փոխանցումները կազմել են 1 միլիարդ 55 միլիոն դոլար, 2018թ-ին՝ 1 միլիարդ 49 միլիոն, 2017-ին՝ 1 միլիարդ 64 միլիոն դոլար։ Մյուս կողմից` եթե 2018թ-ին 2017թ-ի համեմատ Հայաստանից դեպի Ռուսաստան ֆինանսական միջոցների արտահոսքը աճել էր՝ 376 միլիոնից հասնելով 471 միլիոն դոլարի, ապա 2019 թ-ին` նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 45 միլիոն դոլարով՝ կազմելով 425 միլիոն դոլար։ 2019թ-ի նախորդ տարիների համեմատ շոշափելի ծավալներ է ընդունել ՀՀ-ից դեպի ԱՄՆ ֆինանսական միջոցների արտահոսքը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ից դեպի ԱՄՆ գումարի արտահոսքը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ կազմելով 275 միլիոն դոլար։ 2018թ-ից դեպի ԱՄՆ ՀՀ-ից փոխանցվել է 191 միլիոն, իսկ 2017-ին՝ 193 միլիոն դոլար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։