Զարուհի Բաթոյան. Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հաճախ հայտնվում են հաստատություններում, քանի որ գնալու այլ տեղ չունեն
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ մեկուսացվում են՝ իրենց կամքին հակառակ և տվյալ հարցում աջակցությունը դժվար է տարբեր առումներով»,- ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշել է, որ այսօր նախարարության համակարգում գործող երկու հաստատություններում ապրում է հոգեկան առողջության խնդիր ունեցող շուրջ 600 մարդ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշում են, որ մարդկանց մեծ խումբ խնամվում է նաև Առողջապահության նախարարության համակարգում գործող հիմնարկներում, սակայն նրանք, հաճախ, հայտնվում են հաստատություններում՝ չնայած այն հանգամանքին, որ բուժման մշտական կարիք չունեն. նրանք, պարզապես, գնալու այլ տեղ չունեն։
Զ. Բաթոյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված քայլերը՝ սկսած պաշտպանված բնակարանների ձեռքբերումից, մինչև փոքր տների մոդելի կիրառումը: Նախարարը նշել է, որ ձեռնարկվող քայլերն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք բավարար չեն համակարգային փոփոխությունների իրականացման համար:
«Սա լուրջ, համակարգային խնդիր է շատ երկրների համար, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացնում են հասարակությունից՝ ապահովելով նրանց անվտանգ կեցությունը, սակայն զրկելով հասարակության հետ հարաբերվելու իրավունքից: Սա խնդիր է, որի հաղթահարումը սերտորեն կապված է նաև հասարակական կարծրատիպերի հաղթահարման հետ»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նա նշել է, որ այս համատեքստում օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք կա՝ սկսած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքից, մինչև անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը:
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան