Լարիսա Ալավերդյան. Հոգեբանական խոշտանգման են ենթարկում մարտի մեկի զոհերի հարազատներին
Մարտի 1-ի էջը փակված չէ, քանի դեռ չեն հայտնաբերվել տասը սպանությունների մեղավորները։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Մարտի մեկի գործի բացահայտված լինելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին նա արձագանքում է. «Փաստը պետք է լինի, գործը պետք է լինի։ Այս առումով ես պետք է ասեմ, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա, տասը սպանությունների գործը ոչ միայն չի բացահայտվել, այլև կարող եմ ասել, պատշաճ կերպով չի ուսումնասիրվել»։
Ալավերդյանն ասաց, Փաշինյանն իր կյանքում 16-րդ վարչապետն է, որևէ մեկի հայտարարությանը չի հավատացել, քանի դեռ չի տեսել փաստերը, ապացույցները, դատարանի որոշումները։
«Այնպես որ մենք այսօր ունենք, մարտի 1-ի ամենացավոտ հարցը՝ տասը անձանց սպանությունների չբացահայտված լինելը։ Ես ինքս եղել եմ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ, քանի որ տարածվել էր երեխայի սպանության մասին սադրիչ լուրը, ցույց էին տալիս երեխայի կոշիկի կադրեր ու լուսանկարներ։ Դրանից հետո ժողովուրդը բորբոքված իջավ այդտեղ։ Ես բոլորին հարցնում էի՝ ո՞վ է տեսել սպանված երեխային, նրանք պատասխանում էին՝ ոչ»,-հիշում է Ալավերդյանը։
Նրա համոզմամբ, մարտի 1-ին սադրիչ լուրերն ու գործողություններ տարածվել ու կատարվել են կազմակերպված։
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ալավերդյանը հիշեցնում է, որ իր կուսակից ընկեր Արմեն Մարտիրոսյանի միջամտության շնորհիվ հնարավոր է եղել կանխել ոստիկանի սպանության փորձը, ինչի հետևանքով Մարտիրոսյանն է վիրավորվել։
Ալավերդյանի խոսքով, մինչ այսօր լավ չեն քննված և ուսումնասիրված, թե ովքեր են կոտրել խանութները, այրել մեքենաները, շրջել տրանսպորտային միջոցները։
«Ես համարում եմ, որ մարտի մեկի իրադարձությունները նախկին իշխնությունները չեն ուսումնասիրել պատշաճ կերպով։ Ես հիմնվոր կասկած եմ հայտնել, որ մի բան այն չէ, որ նախկին իշխանությունները չեն ուսումնասիրել։ Բայց այսօր էլ առնվազն իմ ասած երեք կետերով իրավապահ մարմինները չեն զբաղվել նաև նոր իշխանությունների ժամանակ։ Հակառակը, իրար հետևից տարածվում են անհավատալի ստեր, կեղծիքներ։ Մեկ անձին նշանակել են մեղավոր, և ամենաահավորը, կներեք իհարկե, հոգեբանական խոշտանգման են ենթարկում զոհերի ընտանիքների անդամներին։ Ո՞վ է ասել, որ կարելի է նրանց բերել մի գործի դատական նիստերին, որը բոլորովին չի վերաբերում նրանց։ Գիտե՞ք, ես ցնցված եմ դրանով»,-ասաց նա։