«Ժողովուրդ». Վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տևել:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: