Բուժվել է կորոնավիրուսով վարակված 48 469 հիվանդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ։ Ինչպես հիվանդության դեմ պայքարը համակարգող, երկրի փոխնախագահ Մայք Փենսն է ասում, գրանցված է հիվանդության 92 դեպք, մեծ մասը Կալիֆորնիա ու Վաշինգտոն նահանգներում են։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նախագահ Դոնալդ Թրամփը, երկուշաբթի օրը հանդիպելով դեղագործական ամենախոշոր 1Օ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց խնդրել է արագացնել պատվաստանյութը գտնելու ու դեղամիջոց ստեղծելու աշխատանքները։
«Հավանական է, որ մինչև կանխարգելիչ պատվաստանյութ գտնելը, ստեղծվի արդեն վարակված անձանց բուժելու համար դեղամիջոց»,- հայտարարել է Թրամփը։
Մարդկանց վրա առաջին փորձերը կսկսվեն ապրիլից, սակայն դեռևս մեկ տարի կպահանջվի պատվաստանյութ ստանալու համար։
Ինչպես Վանդեբիլթի համալսարանի մասնագետներից Ուիլյալ Շաֆներն է ասում, ճիշտ կլիներ, որ կառավարությունն արդեն իսկ վճարեր որոշակի թվով պատվաստանյութի համար, որպեսզի արտադրություն սկսելու համար դեղագործական ընկերությունները չունենային ֆինանսական խնդիրներ։
Թրամփն, ի դեպ, խոստացել է կրճատել բյուրոկրատական ձգձգվող գորածառույթները, սակայն դաշնային բյուջեից հատկացումներ կատարելու մասին ոչինչ չի ասել։
«Ես լավ գիտեմ, թե այդ ընկերությունները որքան հարուստ են։ Կարծում եմ, նրանց մի մասն այնքան հարուստ է, որ կարող են իրենք գումար տրամադրել դաշնային կառավարությանը»,- ասել է Թրամփը, որը նաև քննարկումներ է անցկացնում դեպի հավելյալ թվով երկրներ ճամփորդությունները կրճատելու, ինչպես նաև ԱՄՆ-Մեքսիկա սահմանը փակելու հարցը։
Երեքշաբթի օրվա տվյալներով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով մինչև այս պահը վարակվել է մոտ 92 802 մարդ։ Նրանցից մահացել է 3164-ը, բուժվել՝ 48 469 հիվանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան