ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» այսօրվա դատավարությանն պաշտոնական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց սույն գործից անջատված մասով ներկայումս ամբաստանյալ անձ հանդիսացող Թորոս Թորոսյանը:
Նա ասաց, որ երբ «Սասնա ծռերի» անդամներից Արմեն Բիլյանի հետ մտել է ՊՊԾ գունդ, նրա ձեռքին զենք չի եղել, եղել է երկաթի կտոր:
Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանն ասաց. «Իմ լավագույն մարտական ընկերներից ես, քեզ իրավունք էլ չունեմ հարց տալ, ինքդ նաև արդարության մարտիկ ես: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու ժամանակ Արմեն Բիլյանն այդտեղ կապ ունի՞»:
Թորոս Թորոսյանը պատասխանեց, որ Արմենն ընդհանարապես կապ չունի Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու փաստի հետ:
«Իսկ ինչ վերաբերում է արդարության մարտիկ և այլ, ոչ... այդ արդարության մարտիկ կոչվածը թող էլի»,- շարունակեց նա:
Թ. Թորոսյանը նաև նշեց, որ Արմեն Բիլյանը չէր կարող գտնվել կրակոցների վայրում:
Երբ մեղադրյալը սկսեց հարցեր հնչեցնել, Թորոսյանը հայտարարեց, որ այլևս որևէ հարցի չի պատասխանի: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ինչո՞ւ, Թ. Թորոսյանը պատասխանեց. «Իմ իրավունքն է»:
Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը դիմելով Թ. Թորոսյանին, ասաց. «Եկել եք Ղարաբաղից, երկար ճանապարհ եք անցել, եկել եք դատարան հարցերին չպատասխանելո՞ւ, ձեզ ուղղորդե՞լ են»:
Թ. Թորոսյանն ասաց, որ պարզաբանման համար է եկել, միայն Արմեն Բիլյանի հարցերին է պատասխանում, իրեն չեն ուղղորդել:
Հ.Ոսկանյանն ասաց, որ Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է:
Դատավորը հարցրեց Թ.Թորոսյանից, թե դատարանում հարցաքննված Պավել Մանուկյանը ցուցմունք է տվել, որ Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավորում է ստացել Էդուարդ Գրիգորյանի կողմից արձակված պատահական կրակոցից, ի՞նչ կասեք այդ մասին, նա ասաց, որ չի կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև տեղյակ չի, այնտեղ չի գտնվել:
Դատավորը հարցրեց. «Հիմա ձեր ընկերը՝ Պավել Մանուկյանը, որը ձեզ ընդունեց որպես իր մարտական ընկեր և արդարության մարտիկ, այլ տեղեկություն է հայտնում, մինչդեռ դուք տրամագծորեն այլ տեղեկություն եք հայտնում կապված Էդուարդ Գրիգորյանի գտնվելու վայրի հետ կապված, ի՞նչ կասեք»:
Թ.Թորոսյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել: ... Դե ուրիշի ասածն ինչպես կարող եմ ես քննարկել կամ պատասխան տալ»:
Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին հիվանդանոցում: Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- Սասնա Ծռեր. Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը դուրս գան բանտից
- Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին. «Սասնա Ծռեր»
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
- Ա. Բիլյանը դադարեցրել է հացադուլը. ՔԿՀ