Պետք է ամեն ինչ արվի, որ օֆշորներով որևէ մեկը չփորձի ինչ-որ գույք ձեռք բերել. Հովհաննիսյան
«Մենք պետք է կարողանանք ՀՀ-ում ապօրինություններն ամբողջությամբ վերացնել»,- խորհրդարանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, նախագծում ֆիքսված է, որ 1991 թվականից առ այսօր ապօրինի գույքի բռնագանձման և դրանից բխող հետևանքների հետ կապված քիչ չեն գործարանները, որոնք սեփականաշնորհվել են տարբեր նպատակներով, մի մասի գույքը վաճառվել է, ընդ որում՝ զգալի հատվածը ՀՀ-ից դուրս է բերվել։
«Այս գործընթացները ո՞նց են կարգավորվելու։ Մենք տարածքներ ունենք, որոնք ամբողջությամբ քանդվել են, վերաձևավորվել են, մետաղները որպես ջարդոն օտարվել կամ երկրի տարածքից դուրս են արվել։ Ո՞նց է արվելու, որ ամբողջական կարգավորում լինի։ Կամ, որ 25 մլն դրամ գումարի չափ եք սահմանել, այսօրվա շուկայական հարաբերություններում քաղաքի բոլոր թաղամասերում շենքերի առաջին հարկերը մասնավորեցվել են, այնտեղ տներ կան, որ ոչ թե 25 մլն դրամ արժեն, այլ 25 մլն դոլար»,- ասաց Էնֆիաջյանը։
Պատգամավորը նշեց, որ ամբողջ աշխարհում պետությունների համար տնտեսության զարգացման հիմնարար գործընթացներից մեկը սեփականության իրավունքի պաշտպանությունն է. «Էս իրավունքի հետ կապված մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ թացը չորին չխառնվի։ Նախկին պետական ծառայողների հետ կապված ապօրինի գույք ձեռք բերելու կամ դրա շահագործման ամբողջ ընթացակարգերը մեծ հաշվով հրապարակային են եղել։ Էս հարցերի հետ կապված պետք է ուշադրություն դարձնել»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց՝ նախագիծը լավն է, մնում է իրագործելիս ունքի փոխարեն աչքն էլ չհանեն։
«Պետք է չստեղծվի այնպիսի մեխանիզմ, որ վաղը իշխանություն փոխվի և փորձի որպես մահակ օգտագործել հաջորդ իշխանությունների կամ ընդդիմության նկատմամբ։ Նախագծից երևում է, որ ընդունվելիք օրենքն ավելի շատ կանխարգելիչ է, քան պատժիչ։ Եվ կանխարգելիչ է հենց այսօրվա իշխանության նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանն, ապա հավելեց՝ այսօրվա իշխանությունն այնքան վստահ է իր վրա, որ բերում է նախագիծ, որով ինքն իրեն կկարողանա պատժել։
Պատգամավորը շեշտեց՝ բոլոր այն մարդիկ, ովքեր գործարան են սեփականաշնորհել, կարող են գալ և իրենց սեփականությունը 75 տոկոսով սահմանված շեմով վաճառել։
«Պետք է ամեն ինչ արվի, որ օֆշորներով որևէ մեկը չփորձի ինչ-որ գույք ձեռք բերել։ ԱՄՆ օրինակը նայեք, երբեք քեշ փողով 35 հազար դոլարանոց տարածքը չեն առնի։ Հատուկ ուժերը կգան կկանգնեն, կասեն՝ որտեղից քեզ էդ գումարը։ Իսկ մենք վարչապետ ունեինք, որ պոմիդոր էր ցանում, Մոնումենտում տուն էր աճում»,- ասաց Հովհաննսիյանը։