24 մլն հարկ վճարողները կեղծումներ են արել. Թամազյան
«2019 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ ապրիլի համեմատ, հարկային մարմնի աշխատողների թվաքանակը ավելացել է 88 հազարով »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։
Վերջինիս խոսքով, հարկային մարմնում աշխատողների թվաքանակը ձևավորվում է բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների արդյունքում։ Դեկտեմբեր ամսվա հարկային հաշվարկներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են շուրջ 629 հազար, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ ավելի է շուրջ 88 հազարով։
Աշխատողների թվաքանակի աճն, ըստ Թամազյանի, պայմանավորված է եղել հարկային վարչարարության, նոր աշխատատեղերի ստեղծման և հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում։
«Հիմնական աճը եղել է մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, մեծածախ առևտրի, սննդամթերքի արտադրման և ծառայությունների մատուցման ոլորտներում»,- ասաց Թամազյանը։
Նրա խոսքով, եթե 2018 թվականին 326 միլիոն ՀԴՄ կտրոն է տպվել, ապա 2019-ին 457 միլիոնի է հասել այդ թիվը. «Եթե նայենք հաշիվ-վավերագրերը և հարկային հաշիվները, ապա կնկատենք՝ 2018 թվականի համեմատ աճը 20 միլիոնից հասել է 25 միլիոնի։ Այսինքն՝ հաշվարկային փաստաթղթերի աճը 2019 թվականին եղել է 25 տոկոս»։
2019 թվականին ստուգումների քանակը էական աճ է ունեցել, արձանագրվող խախտումները ևս ավելացել են։
«2019 թվականին 2018-ի համեմատ, 1 տեսուչի ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է։ Եթե պայմանականորեն, 2018 թվականին 1 տեսուչը կատարում էր 1 ստուգում, ապա 2019-ին՝ 2 ստուգում է կատարել»,- տեղեկացրեց Թամազյանը։
Թամազյանը նշեց նաև, որ 2020 թվականին թիրախային են լինելու միկրոձեռնարկությունների համակարգում գործող հարկ վճարողները։ Այս պահին, նրա խոսքով, արդեն 32 հազար սուբյեկտ ներկայացրել է հայտ, որ համարվի միկրոձեռնարկություն։
«Այդ 32 հազար սուբյեկտների աշխատանքները շարունակվում են, ներկայացված հայտերի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել հետևյալ ռիսկերը։ Ըստ օրենքի, 24 միլիոն դրամ հարկ վճարողները իրավունք չունեն 2020 թվականին համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ։ Այս առումով ռիսկեր են ի հայտ եկել, որ առանձին հարկ վճարողները, գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը, դադարեցրել են իրենց գործունեությունը, իրենց անվամբ հաշվառված ՀԴՄ-ն, բացել են նոր ԱՁ, իրենց անվամբ հաշվառված ՀԴՄ-ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անունով, և բնականաբար, էդ նոր ստեղծված կազմակերպությունը նախորդ տարվա համար 0 շրջանառություն ունի»,- մանրամասնեց Թամազյանը։
Ըստ նրա, ռիսկեր կան նաև, որ աշխատակիցը համարվելով որևէ հարկ վճարողի աշխատող, կարող է հայտ ներկայացնել միկրոձեռնարկության դաշտում գործելու համար.«Կան ռիսկեր նաև առևտրի առևտրի իրականացման վայրերում գործող սուբյեկտների մասով։ Այդ վայրերում առք ու վաճառք իրականացնող սուբյեկտները չեն կարող համարվել միկրոձեռնարկության սուբյեկտներ, սակայն մեր դիտարկմամբ, առևտրի իրականացման վայրերում գործող առանձին սուբյեկտներ ներկայացրել են միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու հայտեր, և ըստ էության, իրենց գործունեության տեսակը նշված է՝ արտադրական։ Օրինակ, ոսկու շուկայում առանձին սուբյեկտները ներկայացրել են հայտ, որ արտադրում են զարդ և վաճառում, այսինքն՝ գործում են ոչ թե առք ու վաճառքի, այլ արտադրանք վաճառքի դաշտում»։