«Փաստ». Ինչ է իրենից ներկայացնում դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ-ում քննարկման է դրվել դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ այն բավական ծավալուն է և վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու քայլերին։ Այս նախագծերով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանն ու բարեվարքությանը հետևող հանձնաժողովներում։ Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաև հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան գիտնականներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում, իշխանությունների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, առավել շահագրգիռ կերպով աշխատել են «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչները, այդ գրասենյակից տարբեր դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև այն անձինք, որոնք ժամանակին այդ սեկտորն են ներկայացրել, իսկ հիմա գործող իշխանության կազմում են։
Հենց նրանք են որպես փորձագետներ արտասահմանից հրավիրել անցումային արդարադատության և վեթինգի մասնագետների, որպեսզի վերջիններս կարողանան հայ գործընկերներին մանրամասն ներկայացնել փոփոխությունների անցկացման նրբերանգները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: