«Ժողովուրդը ձեզ կների, որովհետև դուք բարի թագավորնե՞ր եք». Անի Սամսոնյան
«Եթե նախագիծն ընդունվի, ապա դատավորները նախկինի պես էլ չեն զանգի իշխանություններին, քանի որ արդեն կա կախյալության ինստիտուտը՝ ԲԴԽ–ն»,– հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով հայտարարեցիք, որ իրականացնելու եք դատական համակարգի վեթինգ։ Դա նշանակում է, որ պետք է ստուգվեին դատավորների գույքը, նրանց քաղաքական կապերը։ Պետք է հեռացվեին այն դատավորները, որոնք այս տարիների ընթացքում կոպտորեն խախտել են մարդու իրավունքները։ Բայց այսօր մենք ականատես ենք լինում նրան, որ դուք խախտել եք այդ պայմանը և չեք իրականացնում վեթինգ։ Սա քաղաքական պատասխանատվություն էր, որը դուք ստանձնել էիք և պետք է իրականացնեիք։ Սակայն դուք ըստ էության ապավինել էիք այն բանին, որ հանրության համար խորթ էր վեթինգը, հետևաբար՝ չէր կարող լիարժեք պահանջատեր լինել, որպեսզի դուք կատարեիք ձեր քաղաքական խոստումը»,–նկատեց պատգամավորը և հավելեց, որ դրանով իշխող ուժը Հայաստանում քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դնում. «Կարող եք տալ խոստում, բայց չկատարել այն միայն նրա համար, որ ժողովուրդը ձեզ կների, որովհետև դուք բարի թագավորներ ե՞ք»։
Պատգամավորն ակնկալում էր, որ ԱԺ կներկայացվեր այնպիսի նախագիծ, որը կապահովեր անկախ դատական համակարգ, բայց հակառակ տրամաբանությունն է դրաված նախագծի հիմքում։ Անի Սամսոնյանի համոզմամբ, նախագծի 79-դ հոդվածով բարձրագույն դատական խորհրդին տալով դատվորների անկախության երաշխավորի կարգավիճակ, իրականում այդ կառույցին ընձեռում են դատավորների ազատությունը սահմանափակող լծակներ։ «ԲԴԽ-ն իրավունք է ստանում որոշելու դատավորի խախտման նվազ կամ ոչ նվազ կարևորությունը, մտնի դատավորի որոշումների բովանդակության մեջ, ինչն անթուլատրելի է».- հայտարարեց պատգամավորը։
Նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ ԲԴԽ-ն ամբողջովին ձևավորել է «Իմ քայլը» դաշինքը, իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովը չի կարող դատավորների բարեվարքությունը ստուգել, հետևաբար՝ փափոխությունները չեն կարող ապահովել անկախ դատական համակարգի գործունեությունը ։ Պատգամավորն իր խոսքի վերջում, նկատելով, որ իշխանությունները նախկինում ասում էին, որ բոլոր դատավորները կոռումպացված են, իսկ հիմա ասում են, որ 10 տոկոսն են կոռուպացված, վերջիններիս հորդորեց հետևել սեփական հայտարարություններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի