Արցախյան ընտրությունների ինտրիգը
Արցախյան այս ընտրությունները ունիկալ են այն առումով, որ առաջին անգամ դժվար է կանխատեսել, թե ով է շահելու գլխավոր մրցանակը։ Նախկինում ամեն ինչ կանխատեսելի բնույթ ուներ և բացի այդ՝ Հայաստանի արցախցի ղեկավարների ազդեցությունը այդ ընտրություններում մեծ էր։ Այլ է այսօրվա իրավիճակը։
Հայաստանյան իշխանությունների ցանկություններն ու ազդեցության իրական հնարավորությունները փոքր ինչ տարբեր են։ Այդ իսկ պատճառով այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտի մասին խոսելը դժվար է։ Բացի այդ, դրան գումարվում է այն, որ գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորությունները ավարտվում են և նա չի կարող վերընտրվել իր պաշտոնում։ Արդյունքում, ներկայիս ղարաբաղյան քաղաքական դաշտում առաջացել է իսկական խառնաշփոթ։
Նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտները ֆորմալ տեսանկյունից ներկայիս իշխանությունն են ներկայացնում և բոլորն էլ կարող են համարվել «իշխանական» թեկնածուներ։
Ֆորմալ տեսանկյունից այս ընտրություններում բացակայում է դասական ընդիմադիր գործիչը։ Արայիկ Հարությունյանն ընդամենը մի քանի ամիս առաջ աշխատում էր պետնախարարի պաշտոնում, որը փաստացի վարչապետի կարգավիճակ է։Մասիս Մայիլյանը ներկայումս Արցախի ԱԳ նախարարն է։ Վիտալի Բալասանյանը նախկինում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Լրացուցիչ ինտրիգ է առաջանում այս խճանկարում այն առումով, որ Մայիլյանը, որպես գործիչ, գրեթե չնչին ընտրազանգված ունի, սակայն նրան աջակցում է գեներալ Սամվել Բաբայանը, որն ունի ընտրազանգված, սակայն անձամբ իրավունք չունի մասնակցելու թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններին։ Դա էր պատճառը, որ նա ստիպված աջակցեց նախագահի թեկնածուներից մեկին, ավելի կոնկրետ՝ Մայիլյանին։
Այսպիսով, եթե ամփոփենք ընտրությունների թեման, ապա կարող ենք արձանագրել, որ կա երեք պոտենցիալ ֆավորիտ։ Դրանք են՝ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և Սամվել Բաբայանը. սա խորհրդարանական ընտրությունների մասով։
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին, ապա այստեղ ֆավորիտները դառնում են երկուսը՝ Արայիկ Հարությունյանը և Վիտալի Բալասանյանը։ Քանզի, Բաբայանը զրկվել է մասնակցությունից և ստիպված աջակցում է իրենից ավելի նվազ վարկանիշ ունեցող թեկնածուին, որը ցածր վարկանիշ ունի։
Այն որ ամենաշատ ձայները կարող է փողի գործոնով պայմանավորված հավաքել Արայիկ Հարությունյանը, ակներև է։ Նա կարող է նաև վարչական ռեսուրսի մի մասն օգտագործել։ Սակայն, ընտրությունների բովանդակությունն ու պայքարի թեժությունն այնպիսին է, որ եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա դժվար թե Հարությունյանին հաջողվի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հավաքել 50 տոկոսից ավել ձայներ։
Մյուս կողմից, եթե երկրորդ փուլ լինի, որտեղ ամենայն հավանականությամբ կանցնեն Հարությունյանն ու Բալասանյանը, ապա այստեղ Հարությունյանի հաղթանակի շանսերը կնվազեն։ Քանի որ ժանրի կանոնների համաձայն՝ երկրորդ փուլում բոլորը կմիավորվեն իշխանական համարվող թեկնածուի դեմ կամ իրենց չեզոք կպահեն և ավելի շուտ կմիավորվեն ընդդիմադիր թեկնածուի շուրջը։ Ու թեև այս ընտրություններում բացահայտ «իշխանամետ» թեկնածու չկա, բայց բոլորը պայմանականորեն այդպիսին համարում են Արայիկ Հարությունյանին, իսկ Բալասանյանին ընկալում են որպես ընդդիմադիր։
Ահա այսպիսի ինտրիգային են ներկայիս ընտրություններն Արցախում։ Ինչպիսի ավարտ էլ, որ այն ունենա, ապա միևնույն է դրսի համար սա ևս մի ապացույց կլինի, որ Արցախի ընտրությունները մի կարգով ավելի դեմոկրատական են, քան Ադրբեջանի ընտրությունները, որտեղ արդեն տասնամյակներով իշխում է մի կլան, և բոլորն էլ գիտեն, որ այդ երկրում ընտրությունները միշտ էլ ունեցել են ֆորմալ բնույթ, որտեղ նախապես կանխորոշված են եղել հաղթողներն ու պարտվողները։
Հեղինակ՝ Ռ. Դ.