Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը. Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։
Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։
Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։
Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։
Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Gevorg Gorgisyan-ը»։