Ադրբեջանից բռնագաղթած քսան ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայականներ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած քսան ընտանիքների հանձնեց բնակարանի գնման վկայականներ։
«Լավ եմ հասկանում, թե ձեզ համար ինչ մեծ կարևորություն է սեփական բնականար, սեփական տանիք ունենալը»,- հանձնման արարողությանն ասաց Ս.Պապիկյանը:
Նրա խոսքով, այս տարվա ընթացքում ընդհանուր 112 վկայագիր են հանձնելու քաղաքացիներին:
«Փուլերով է: Առաջիկա 112 շահառուների մեջ հիմնականում այն մարդիկ ենք, ովքեր գտնվում են վտանգի տակ, որ վաղը կարող է հայտնվեն առանց տանիքի. այն շենքերը, որտեղ բնակվում են, հիմնականում սեփական են, սեփականատիրոջ հետ պայմանավորվածության շարունակականությամբ է պայմանավորված նրանց այդտեղ մնալու հնարավորությունը»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ 2020 թվականի բյուջեով նախատեսել են 2,1 միլիարդ դրամ 185 շահառուների համար:
Ս.Պապիկյանը նշեց նաև, որ բնակարանի գնման վկայականներ նախատեսված է բռնագաղթածներին հատկացնել ինչպես 2019 թ-ի, այնպես էլ 2020 թ-ի բյուջեով։ Այս տարի նախատեսված բոլոր վկայականները կհանձնեն հասցեատերերին։
Այդ առումով, նրա խոսքով, 2020 թվականը շատ լավ տարի լինի Երևան քաղաքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված մեր քաղաքացիների համար:
Նախարարն ասաց, որ վկայագիրը ենթադրում է այն ստանալուց մեկ տարվա ընթացքում քաղաքացին գտնի իր համար բնակարան և օգտագործի այն իր կարիքները հոգալու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ մեկ սենյականոց բնակարանի համար նախատեսված է 12 միլիոն դրամ, երկու սենյականոցի համար՝ 14,6 միլիոն, երեքի համար՝ 17,3 միլիոն դրամ:
«Հասկանում ենք, որ աստղաբաշխական գումարներ չեն, բայց դրանք գումարներ են, որոնք որոշ չափով կարող են բավարարել այդ կարիքներն ու առաջնային կարիքի լուծման համար օգտագործել»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ 2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարության որոշումների համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվելու է բնակարանի գնման վկայականներ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։