Գյուղացու մոտ ճգնաժամ է, հավատի կորուստ. ֆերմեր
«Գյուղատնտեսության ոլորտում կան գումար չպահանջող կազմակերպչական հարցեր, որոնք լուծում չեն ստանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, եթե այսօր գյուղացին ցանկանա իրեն պատկանող հողատարածքը միավորել, չի կարողանա, քանի որ հողակտորի ինչ-որ հատված համայնքին է պատկանում, և ընդհանուր ցանկապատի մեջ առնելու տարբերակ չկա։
«Եվ համայնքը չի կարողանում այդ խնդիրը լուծում չի ստանում, քանի որ այսօրվա տեղական կազմակերպությունները չեն հասկանում։ Եթե օրենսդիր մարմնում նախկինում հարցը բարձրացվում էր, այժմ դա չկա։ Նույն խնդիրն է ջրի հետ կապված, ասում են՝ ջուրն ապրանք է, պետք է այն գնել, ջուրը բույսի համար թթվածին է։ Եթե լոլիկը պետք է ջրվի 5 անգամ, բայց 4 անգամվա համար է ջուր տրամադրվել, ապա այդ ամբողջը զրոյանում է։ Գյուղացուն պետք է ջուր տրամադրել, և տարվա վերջում գյուղացուց բերք կամ գումար վերցնել։ Սրանք դետալներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Մեր ջրառատ հանրապետությունում այսօր ջրի պակաս կա»,- ասաց Ալեքսանյանը։
Ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ գյուղացին ունի և՛ պարարտանյութի խնդիր, և՛ դիզվառելիքի։ Նա նշեց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում 20 տոկոսով ավելացել է գյուղատնտեսական վարկ վերցնողների թիվը։
Նա վստահեցրեց, գյուղերում ջրագողություն է կատարվում։
«Մենք, լոլիկ, կարտոֆիլ արտահանող երկիր լինելով, այսօր դարձել ենք ներմուծող երկիր։ Գյուղացու մոտ ճգնաժամ է, հավատի կորուստ։ Գյուղացին չի տեսնում ապագայի զարգացում։ Էսօր ՀԷԿ-երը դրել են, հողը չորացնում են, իսկ ջուրը գնում թափվում է Ադրբեջան։ Իշխանությունից չկա մեկ ներկայացուցիչ, որ բարձրաձայնի այս խնդիրը։ Ասում են՝ մարդը ներդրում է արել, է ջհանդամը ներդրում կատարի, եթե ջրի գողություն ա լինում, եթե չորացնում են բնությունը, ինչ նրեդրման մասին է խոսքը։ Դաշտերը չորանում են, որովհետև ջուր չկա, պոմպակայանների մասին խոսք լինել չի կարող։ Էսօր 1000-ավոր դոլարների պարևավճարների մասին են խոսում, հլը Թալինի տարածաշրջանում խորհրդային տարիներին կառուցված պոմպակայաններին նայեք՝ թալանված վիճակով մնացել են։ Արդյոք որևէ պաշտոնյա բարձրացրել է այդ խնդիրը»,- ասաց նա։
Ըստ ֆերմերի, Արաքսից ջուրը պոմպակայաններով չեն բերում, որ վաճառեն։Նա պնդում է, որ սահման պահող գյուղացին այսօր գալիս է քաղաք՝ որպես էժան աշխատուժ։
«Երասխի մոտ բացարձակ դատարկություն է, ամայի վիճակ։ Էս ուր ենք հասել, էսօր մարտ ամիսն է, մենք պիտի մտածենք ոչ թե գարնանային աշխատանքների մասին, այլ բերքի մասին։ Խոսում են, որ Վրաստանում մեքենաներին թույլ չեն տալիս գինու համար սպիրտ բերել, տեխնիկական սպիրտն են բերում, կրկնվում է հինը։ Ոչինչ չի փոխվել, էսօր գյուղացին ամեն օր գնում է մարզպետարան։ Մարտունու շրջանում 3000-ից ավելի տնտեսություն համայնքներն ինչ-որ դեղնակտուցներ ցանկանում են միավորել։ Գեղհովիտի նման գյուղն ասում են միավորք։ Էդ ի՞նչ արդյունք պիտի տա»,- նշեց Եղոյանը։
Ֆերմերը նեղսրտեց՝ անասնաբույժը 70 հազար դրամ է ստանում, իսկ նախարարը՝ 1 մլն 500 հազար դրամ. «ՍԱՊԾ-ի աշխատանքը նայեք, էդքան խոսեցինք կենդանիների հիվանդությունների մասին, նոր ոտքի է կանգնել։ Այնտեղ կան լավ մասնագետներ, բայց միտումնավոր են այդպես անում։ Միտումնավոր պարսկական սխտորը բերել են սերմնացուի անվան տակ տալիս են։ Արհեստական սերմեր են բերում լցնում Հայաստան»։
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ Ախուրյանում ֆերմերները բողոքում են, քանի որ ոռոգման ջուր չունեն։
«Արփի լիճը համարյա թե դատարկ է, 8 մլն խորանարդ հազիվ թե ջուր լինի, իսկ իրականում պետք է 100 մլն խորանարդ լիներ։ Արփի լիճը Ախուրյանի տարածաշրջանի հիմնական ոռոգման ջրամբարն է։ Դժբախտությունը սկսվել է 1 ամիս առաջ, երբ փականները բացել են, և ջուրը բաց են թողել դեպի Ախուրյանի ջրամբար։ Այն արդեն 50 տոկոս Թուրքիայի համար է նախատեսվախ, 50 տոկոս՝ Հայաստանի։ Արփի լճի ջրի կեսը տվել են թուրքերին։ Երեկ նոր փականները փակել են, ջուրն էլի հոսում է փականներից, և որևէ հույս չկա, որ լիճն այսօր կբավարարի տարածաշրջանին»,- ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով, կառավարությունը շուտով սեփական մաշկի վրա կզգա ջրամբարների հետ կապված խնդիրը. «Նորմատիվները հենց իրենք են խախտել, և գյողացուց ջրի գումար են վերցնում, իսկ ջուր չկա։ Արհեստական այդպես են արել, որ լիճը դատրկվի։ Ես պահանջում եմ, որ վարչապետը տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին կանչի պատասխանատվության։ Թե ոնց է պատահում, որ լիճը այսօր այդքան քիչ ջուր ունի»։