ԶՈւ ԳՇ պետ. Սպարապետ, այս պատգամդ միշտ մեր մտքում է
ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած ուղերձում ասված է.
««Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:
Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես հայ, որպես ազգային և քաղաքական գործիչ:
Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը վստահ էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Ցավոք, նրա պայքարը, ճախրանքը ժամանակից շուտ ավարտվեց, բայց մենք այսօր էլ շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը:
Վազգեն Սարգսյանն իր տեսակով մտավորական էր, պայծառ մտքի տեր մարդ, ով միևնույն ժամանակ գործով էր ապացուցում իր ճշմարտացիությունը, հայրենասիրություն էր սերմանում անձնական օրինակով: Վստահաբար կարող ենք ասել, որ մի քանի սերունդ դաստիարակվել է՝ հենց նրա կերպարն ունենալով իր մտքում:
«Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»: Սպարապե´տ, այս պատգամդ միշտ մեր մտքում է, և ամեն օր ենք աշխատում մեր երկրի հիմքը՝ խրամատը, անխոցելի դարձնելու ուղղությամբ:
Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ: Փառք քեզ, մեծ հայ»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան. «Ծնունդ նշել ու կենացներ չէր սիրում»
- Վազգեն Սարգսյան. Ով է նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Պողոս Պողոսյանը
- Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան