Մատենադարանում կցուցադրվի հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը
Մարտի 6-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա հայերեն հնագույն թղթյա ձեռագրի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 4-ը: Այս մասին հայտնում են Մատենադարանից:
Հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի բազմահազար արժեքավոր հուշարձանների մեջ իր բացառիկ կարևորությամբ և նշանակությամբ առանձնանում է 981 թ. ստեղծված Մաշտոցի անվան Մատենադարանի № 2679 ձեռագիրը:
Նրա գրանյութը թուղթն է, որ այն ժամանակ կոչվում էր «աղքատ քարտէս», այսինքն մագաղաթի համեմատ համարվում էր պակաս արժեք ունեցող, բայց այսօր հայերեն ամենահին թղթյա ձեռագիրն է և աշխարհում հնագույններից մեկը: Նրա գիրը բոլորգիրն է, որ այն ժամանակ կոչվում էր «անհեթեթ գիրք», այսինքն Սուրբ Գրքերի երկաթագրի համեմատ ավելի առօրյական գրատեսակ, իսկ այսօր հայերեն բոլորգրված առաջին ձեռագիրն է, գրատեսակ, որ դարձավ գրչության հիմնական գիր, հետագայում՝ տպագրության գիր: Մատյանը նաև մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիր ժողովածուն է, որն իր մեջ ամբարում է հսկայական քանակությամբ գիտական նյութ, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես միայն այդտեղ ենք հանդիպում։
Մեկ կազմի մեջ առնված այս ձեռագրի մեջ միացած են երկու ինքնուրույն ժողովածուներ կամ մատենագրական երկեր, որոնց կազմողը Դավիթ քահանան է, իսկ գրիչը՝ նրա որդի Ղուկասը։
Ձեռագիրն ունի 19,5x28,5 սմ մեծություն, 361 թերթ, որը նորոգվել, լրացվել և կազմվել է մի քանի անգամ. այժմյան կազմը 1585 թվականինն է:
Մատյանը աչքի է ընկնում հատկապես իր հարուստ բովանդակությամբ: Առաջին մասում առավելապես գիտական ու պատմական նյութեր են, երկրորդում՝ պատմական և դավանաբանական:
Ձեռագրի գրանյութի և պարունակած նյութերի բացառիկ արժեքը նկատի ունենալով Մատենադարանի տնօրինությունը որոշում է մատյանի հազարամյակի առիթով՝ 1981-ին այն հրատարակել ամբողջական նմանահանությամբ, վերծանությամբ և ուսումնասիրությամբ։ Այդ աշխատատար գործը հանձնարարվում է ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանին (1922-2004), որը գիտնականից տարիների աշխատանք պահանջեց։ 1000-ամյա թուղթը, որն ինչպես ուսումնասիրության ընթացքում է պարզվում, պատրաստված է եղել Հայաստանում, բավական վատ էր պահպանվել և ձեռագրի մի շարք էջերում գրանյութը քայքայվել էր թանաքի ազդեցությամբ։
Մատյանը նմանահանությամբ հրատարակելու պատճառներից մեկն էլ այդ հանգամանքն էր։ Որոշ դժվարությունների պատճառներով հնարավոր չի լինում հրատարակությունը կատարել ձեռագրի հազարամյակի ժամանակ, բայց այն իրագործվում է արդեն Հայաստանի անկախությունից հետո՝ 1995 և 1997 թթ.։ Մատյանը հրատարակվել է երկու մեծադիր հատորով.
Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի (նմանահանություն), (առաջաբանը Արտաշես Մաթևոսյանի), հատոր 1, Երևան 1995, 772 էջ:
Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի (ուսումնասիրություն, վերծանություն, ծանոթագրություններ Արտաշես Մաթևոսյանի), հատոր 2, Երևան, 1997, 570 էջ:
Ձեռագիրը վերջին երկու տարիներին գտնվել է Մատենադարան վերականգնման բաժնում, ուր բացի հիմնական առաջնային աշխատանքներից (ախտահանում և փոշեհանում) կատարվել է թանաքակերության հետևանքով գրի հատվածներում առաջացած անցքերի ամրակայում, նախապես մշակված մեթոդով:
Կատարվել են մի շարք ուսումնասիրություններ, տարբեր դարերում ավելացված գրի թանաքի, թղթի և ներկի հետ: Մեծ աշխատանք է արվել ամեն թերթի վրա, որպեսզի հետագայում ոչ մի տառ, մասնիկ չկորչի: Թերթերի առանձին վերականգնումից հետո որոշվել է մամուլավորման կարգը և թերթերը կրկին մամուլավորվել են ճիշտ հերթականությամբ ինչպես եղել են ի սկզբանե: Կարճատև ցուցադրությունից հետո հնագույն հայերեն թղթյա ձեռագիրը կրկին կամփոփվի կազմի մեջ՝ կկարվի և կկազմվի ստանալով ձեռագիր մատյանի իր տեսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան