Ահաբեկիչների ցանցերը բացահայտված են. Գրիգորյան
«Իրանի հետ սահմանի բացումը կապված է հանգամանքից, թե հարևան երկրում կորոնավիրուսի տարածումն ինչպես կզարգանա»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը փոխվում է, և Հայաստանը անվտանգության տեսանկյունից բավականի բարձր մակարդակում է։
«Եթե տեսնենք, որ իրավիճակի փոփոխվել է Իրանում, կառավարությունը համապատասխան որոշում կընդունի»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ երբ կառավարությունը կգնահատի տնտեսական վնասները, որոնք բերեց կորոնավիրուսը, Գրիգորյանը պատասխանեց՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է։
«Ժամանակ է պետք, որ բոլոր երկրներում այս հիվանդությունը մարի։ Վիրուսի տարածման սկզբնաղբյուրը եղել է Չինաստանը, իսկ Հայաստանը Չինաստանի հետ տնտեսական կապեր ունի։ Եվ բնական է, որ գլոբալ ազդեցություն է ունեցել, որի գնահատականը պետք է տրվի հիվանդության հաղթահարումից հետո»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավապահ համակարգի վերին օղակներում կան դավաճաններ, Գրիգորյանը նշեց՝ անհրաժեշտություն չկա այդ մարդկանց անունները տալու.
«Եթե այդ անհրաժեշտությունը լիներ, ապա վարչապետն անուններ կտար։ Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում լինում են դեպքեր, որ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր։ Այդ դեպքերի բացահայտման արդյունքում համապատասխան որոշումներ են ընդունվում։ Գործնական քայլեր են կատարվել՝ կառավարման համակարգի բարեփոխումներից սկսած մինչև որոշումներ, որոնցով շատ մարդիկ չեն աշխատում»։
Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենը խոսում էր ահաբեկիչների ցանցերի մասին, արդյո՞ք քաղաքացին մտահոգվելու կարիք ունի՝ Գրիգորյանը արձագանքեց՝ նշելով, որ քաղաքացին այս պահին մտահոգվելու տեղիք չունի, քանի որ ԱԱԾ-ն արդյունավետ աշխատում է, իսկ ցանցերը, որոնց մասին անհանգստություն կար, բացահայտված են։