Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան. «Ծնունդ նշել ու կենացներ չէր սիրում»
Սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձի առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել պաշտոնյաներ, նրա ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, զինակիցները։
Այսօր նա կդառնար 61 տարեկան։ Վազգեն Սարգսյանը սպանվեց 40 տարեկանում Ազգային ժողովում՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ։
Արամ Սարգսյանը՝ Վազգենի եղբայրը հիշում է, նա չէր սիրում ծնունդը նշել, չէր սիրում հատկապես իրեն նվիրված կենացները։
«Հենց մեկը բաժակ էր բարձրացնում, որ իր կենացը խմի, ասում էր՝ վերջացրու-վերջացրու կամ էլ երգում էր»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի խոսքով, Սպարապետի երազած Հայաստանում ապրելու համար բոլորն անելիք ունեն։
«Այն Հայաստանում, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, պետք է հայանպաստ կերպով լուծված լիներ Արցախի հարցը։ Վազգենն իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին, նա զինվոր էր մինչև 1998-ի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական գործիչ»,- նշեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, կենդանության օրոք որևէ մեկը եղբորը Սպարապետ չէր ասում, համոզված է՝ Վազգենը թույլ չէր էլ տա։
«Նա համեստ մարդ էր, երբեք իրեն պատերազմ անցած տղաներից որևէ մեկի հետ չէր համեմատում, իրեն չէր գերագնահատում։ Համարում էր, որ պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի բացակայության դեպքում հաղթանակ չէր լինի։ Նա ամբողջականացրեց անհատականություններին, ձևավորեց բանակը։ Շատ դիպուկ է ասել, էս պատերազմին տվեցի՝ ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն»,- եղբոր մասին պատմեց նա։
Արամ Սարգսյանն ընդգծեց, Վազգեն Սարգսյանի ու «Եռաբլուր»-ում հանգչող մյուս հերոսների կյանքի գնով, աշխատանքի, չարչարանքի շնորհիվ ձեռք բերված հաղթանակը պետք է ամրագրվի, Հայաստանի իշխանությունները հանդես գան որպես իրապես անկախ երկրի ղեկավարներ, որոնք լուծել են իրենց ժողովրդի խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Սարգսյան. Ով է նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Պողոս Պողոսյանը
- Կարինե Խոդիկյան. Վազգեն Սարգսյանը կարոտում էր «Գարունը», գրականությունը