Անուշ Ասլիբեկյան. Ժամանակակից գրողով հետաքրքրված մեկ-երկու հրատարակիչներ ունենք, որոնք ունեն իրենց մաֆիան
«Մեր գրականությունը պարունակում է երկու վիճակ՝ և աղքատ, և հարուստ: Մենք հարուստ ենք գրողներով, բայց աղքատ ենք պատկերով, գրական ընթացքով, որովհետև լռում ենք, չենք խոսում ոչ լավի, ոչ վատի մասին»,- «Ժամանակակից գրականություն կա՜: Չե՞ք հավատում, հետևեք «Գրականություն» էջին»» թեմայով քննարկմանն ասաց գրականագետ Անի Փաշայանը:
Նա նշեց, որ եթե լավի մասին խոսեն, լավ չի լինի, չեն ուզում, որ դա երևա, վատի մասին խոսեն, կլինի լրացուցիչ գովազդ. «Բայց ինչքան լռենք, լռությունը սահմռկեցուցիչ կարող է դառնալ»:
Գրականագետի խոսքով, հանդգնեց և 6 տարի առաջ ստեղծեց «Գրականություն» խումբ, որպեսզի ասեն՝ գրականություն կա:
«Գրականություն կա, ուղղակի պետք է անպայման խնամվի: Ինչպես է այգեպանն ամեն օր նայում, թե խնձորի փայլը տեղն է, թե ոչ, տերևն ինչպես շարժվեց, վայ, մի ծիլ եղավ, վայ, մի պտուղ եղավ, ուրախությամբ է զգում իր այգու բերկանքն, այդպես էլ գրականության մեջ պետք է լինի»,- ասաց Անի Փաշայանը:
Քննարկմանը ներկա բանաստեղծ Բենիկ Ստեփանյանն ասաց, որ այսօր ունեն լավ գրականություն, հետաքրքիր արձակ և պոեզիա, սակայն խնդիր է գրականության հանրահռչակումը:
«Գրականության հանրահռչակման կարևոր գործիքներից է հենց համացանցը, սակայն կարևոր է, թե ինչպես են այն օգտագործում՝ մասնագիտական և բոլոր առումներով»,- ասաց բանաստեղծը:
Նրա խոսքով, այս տարիներին «Գրականություն» խումբը մասնագիտական, ճիշտ ուղղորդումներով հարթակ է հանդիսացել:
Բանաստեղծը նաև նշեց, որ ամենից առաջ գրքերով պետք է համալրվեն գրադարանները, սակայն անկախության շրջանում համայնքային ու մարզային գրադարանների գրքերով համալրումը վատ է ընթանում, դպրոցական գրադարանները տարիներով ժամանակակից որևէ գրողի գիրք չի մտնում:
Արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանն ասաց, որ այսօր իրենց առջև ծառացած կարևորագույն հարցերից է՝ արդյոք հնարավոր է գիրք վաճառելով ապրել, կեցություն ապահովել:
«Նախ ի՞նչ տպաքանակներով ենք մենք գիրք տպագրում: Ծիծաղելի, զավեշտալի տպաքանակներ: Եթե տարիներ առաջ 500 էր, այսօր դարձավ 200, 100: Եթե 300 օրինակ գիրք են վաճառում, գրում են բեսթսելեր են»,- նշեց նա:
Արձակագրի խոսքով, այսօր Գրողների միությունը զրկվել է գիրք հրատարակելու այդ հնարավորությունից, որը տարիներ շարունակ ունեցել է:
«Այսօր, այո, ով կարող է հայթայթել գումար և գիրք տպագրել, բայց այն չէ, ինչ պետք է տեղի ունենար: Որոշ հրատարակչատներ և գրականագետներ հայտարարում են, որ եթե այսօր լավ գիրք ծնվի, հնարավոր չէ, որ չգիտնի իր հրատարակչին: Ես ուզում եմ ասել, որ իրականում այդպես չէ, դրանք ուղղակի գեղեցիկ լոզունգներ են, շատ արժանավոր գրքեր, պարզապես հրաշալի գրողների գիտեմ, որ ունեն գրքեր, սակայն չեն գտնում հրատարակչին:
Քանի՞ հրատարակիչ ունենք, որը ժամանակակից գրողով հետաքրքրված է: Մեկ, երկուսը, որոնք ունեն իրենց, ներողություն բառի համար, կլանը, մաֆիան, դրանից դուրս որևէ գրող այնտեղ մուտք գործել չի կարող»,- ասաց Անուշ Ասլիբեկյանը:
Նա հայտարարեց, որ այսօր ունի պատրաստ երկու գիրք, մեկը գիտական՝ նվիրված Վիլյամ Սարոյանի դրամատուրգիային, մյուսը՝ գեղարվեստական. «Որտե՞ղ են այն հրատարակիչները, միգուցե ես չգիտեմ նրանց տեղը, ինչպե՞ս ես պետք է նրանց տեղը գտնեմ, ինչպե՞ս պետք է կապը ստեղծվի»:
Նա նաև այլ հարցադումներ արեց. «Իսկ ո՞ր գրքերն են վաճառվում, արդյո՞ք սա է չափանիշը գրականությանն ու արվեստին մոտենալուն: Եթե գիրքը դարձնում ենք ապրանք, բիզնեսի առարկա, ուրեմն, իհարկե, չափանիշները խեղվելու են:
Խոսքը գնաց՝ կասեն գիրքն արժեք ունի, թե ոչ: Նախ պետք է հոգածություն լինի պետության կողմից: Այսինքն՝ այսօր մենք ֆինանսավորումից զրկում ենք գիրքը հրատարակելու բոլոր ատյաններին, պահանջում ենք, ասում ենք՝ որակ: Նախ պետությունն ինչի՞ համար է: Պետք է հստակ քաղաքականության մշակի՝ ինչպես հովանավորել իր գրողին, որ ոտքի կանգնի, գրի: Շատ տարբեր ճանապարհներ կան»:
Անի Փաշայանի կարծիքով, պետք է լինի այն մշակույթը, որը կստեղծի այն իրականությունը, ինչի մասին կարող են երազել՝ լույս տեսնեն այն գրքերը, որոնք, իսկապես, արժանի են, լավ խմբագրված են, ունեն հայեցակարգ, կարևոր նշանակություն ունեն բանաստեղծության, արձակի դաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Արքմենիկ Նիկողոսյանը շնորհավորում է իսկական գրողների տոնը
- Գրաքննադատ. Մեր հանրության մեջ գրականությունը, ժամանակակից արվեստը շատ խորթ կարգավիճակում են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա