Որ դեպքում ՀՀ մշտական բնակության եկողները կազատվեն անձնական գույքի ներկրման մաքսատուրքից
«Արտերկրում բնակվող և ՀՀ մշտական բնակության եկող քաղաքացիները կարող են առանց մաքսային վճարումների ավելի մեծ չափաքանակով գույք մտցնել Հայասատան, քան նախատեսված է ներկայումս գործող օրենքով»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Գործող օրենքով, անձը վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարվա կտրվածքով 180 և ավելի օր պետք է ՀՀ-ից բացակայած լինի, որպեսզի Հայաստան բերվող գույքի համար սահմանված մաքսատուրքից ազատվի։ Իսկ այդ դեպքում, ըստ Անանյանի, շատ քիչ մարդիկ են օգտվում այդ արտոնությունից։
«Այժմ մենք անձնական օգտագործման ապրանքների ավելի լայն սահմանում ենք տվել, որպեսզի անձը հնարավորություն ունենա Հայաստան գալուց իր իրերը հետը բերել Հայաստան։ Բայց մենք առաջարկում ենք փոխել 5 տարվա նորմը և նշում՝ եթե անձը 1825 օրվա ընթացքում 915 օր չի եղել ՀՀ-ում, կարող է օգտվել արտոնությունից։ Այսինքն՝ պահպանում ենք 5 տարին, այդ ընթացքում եթե քաղաքացին 915 օր չի եղել Հայաստանում, ապա օրենքը իր համար էլ կգործի։ Եվ այդ 915 օրերը կարող են լինել նաև ոչ հաջորդական»,- ասաց Անանյանը։
Օրենքի շրջանակում, քաղաքացին իր հետ Հայաստան կարող է բերել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր՝ յուրաքանչյուր տեսակից 3 հատ, օրինակ՝ 3 հեռուստացույց, 3 սառնարան. «Բայց, եթե ընտանիքի 3 անդամները գալիս են Հայաստան, և 3-ն էլ ստացել են կարգավիճակ, ապա կարող են բերել, օրինակ, 9 հեռուստացույց։ Իսկ ավտոմեքենայի դեպքում, յուրաքանչյուր անձ կարող է բերել ընդամենը 1 մեքենա։ Քաղաքացին կարող է մեքենան բերել Հայաստան, եթե գալուց առնվազն 6 ամիս առաջ այն համարված լինի քաղաքացու սեփականությունը»։
ՊԵԿ նախագահը շեշտեց, որ Հայաստան մշտական բնակության համար եկող մարդը կարող է ՀՀ քաղաքացիություն չունենալ։
Եթե նրանք չունեն քաղաքացիություն, ապա Հայաստան հասնելուն պես պետք է դիմեն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որպեսզի իրեն տան ինչ-որ կարգավիճակ։ Եվ կարգավիճակ ստանալու պահին նախորդող 5 տարվա ընթացքում քաղաքացին 915 օր բացակայել է ՀՀ-ից, ապա կօգտվի մաքսային արտոնությունից. «Կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացին 18 ամիս ժամանակ ունի իր անձնական գույքը տեղափոխելու և արտոնությունից օգտվելու համար»։
Իսկ եթե ՀՀ-ն տվյալ քաղաքացուն մերժում է և քաղաքացիություն կամ կեցության կարգավիճակ չի տալիս, ապա տվյալ քաղաքացին պետք է գույքի համար մաքսատուրք վճարի։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ նախագիծը շատ կարևոր է, քանի որ արտերկրից եկող քաղաքացիների համար գործող օրենքը խնդիր է։
«Ես արդեն 8 ամիս է հայրենադարձվել եմ, սակայն օրենքի ներկայիս կարգավորումից չեմ օգտվում։ Ժամկետային սահմանափակումը մնում է, բայց իր էությամբ ճկուն է, ինչը շատ կարևոր է։ Մարդ գալիս է, պետք է հասկանա՝ ուզում է մնալ այստեղ, աշխատանք գտնում է, թե ոչ»։