Թևանյան. Տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը
«Նոր իշխանության ժամանակ կոնկրետ տնտեսական քաղաքականության և այդ քաղաքականության փիլիսոփայության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ լոզունգը տնտեսական հեղափոխությունն է»,- ՀՅԴ–ն նախաձեռնած սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների վերաբերյալ համաժողովին ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
Նա նշեց, որ վեր է հանել այն բոլոր արտահայտությունները, որոնք վերաբերում են տնտեսական հեղափոխությանը և կառավարության առաջին դեմքի առաջարկին. տնտեսական հեղափոխությունն իր մեջ ներառում է ոչխար պահելը, մոշ հավաքելը, ՀԴՄ կտրոն պահանջելը:
Ա.Թևանյանի խոսքով, վարչապետը խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, փաստն այն է, որ նման բան տեղի չի ունեցել. 2017-ին գրանցվել էր 7,5 տոկոս աճ, այս տարի 7,6 տոկոս. «Եթե ՀՆԱ-ի 0,1 տոկոսի շարժը համարենք թռիչք, կարող ենք համաձայնվել, որ տեղի է ունեցել»:
Նա նշեց, որ խոստացել են ներդրումային բում, սակայն 2018-ին 2017-ի համեմատ 63,1 տոկոսով ավելի քիչ են եղել ներդրումները:
«Խոստանում էին հեղափոխությունը դառնալու է բրենդ, որը տեսնելու համար տուրիստները պետք է ողողեին հայաստանյան փողոցները: 2017-ին զբոսաշրջության աճը 2016-ի համեմատ եղել է 18,8 տոկոս, 2018-ին՝ բրենդային տարում, եղել է 10,5 տոկոս, այսինքն 8 տոկոսի չափ ավելի քիչ, իսկ 2019-ին եղել է 14,7 տոկոս: Խոստացված բումն ու աճի տեմպը չեն ապահովել»,- ասաց Ա. Թևանյանը:
Նրա խոսքով, այն, ինչ մերժվել էր, հիմա իրականացվում է շատ ավելի գռեհիկ, կոպիտ, կենցաղային մակարդակով:
«Հայաստանում ներառական տնտեսություն ունենալու և ներդրումային միջավայրն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքական փոփոխություն, նոր որակի կառավարում՝ նոր որակի առաջնորդությամբ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թ.Ավետիսյան. Խնդրահարույց է բանվորական մասնագիտություններով օտարերկրացի աշխատողների թվի աճը
- Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում