«Հրապարակ». Շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ հիմնավորում ստանալ հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլև Լիլիթ Մակունցը, ով մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն և հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը:
Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռևս ժողովրդավարության գրավական չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում