Վիտալի Բալասանյանը երդվեց՝ կրկնելով իր կարգախոսը. «Հաղթանակը չի վաճառվում»
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախօրեին նախընտրական հանդիպումներ է ունեցել Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում։
Թեկնածուի գրասենյակից մանրամասնում են՝ ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր։
«Արցախի հարցը երբևէ ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, և աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարել է Բալասանյանը։
Ապա նա ընտրողներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ շարունակելու է լինել իր տոհմի և ազգի նվիրյալ զինվորը. ծառայել և ծառայելու է Արցախին և Հայաստանին։
«Շարունակելու ենք պայքարել և թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձևով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծել է Բալասանյանը՝ հիշեցնելով իր և իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։
Մարտի 5-ը, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է, և այդ առիթն օգտագործելով, նա ևս մեկ անգամ երդվել է հայրենակիցների առջև՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության և ապահովության։
«Ուզում եմ անկեղծ լինել. երբևէ խրամատը չեմ լքել և չեմ լքելու, ծառայել և ծառայելու եմ իմ ժողովրդին։ Լինելու եմ խրամատում այն ժամանակ, երբ վտանգ կսպառնա Արցախին եւ Հայաստանին։ Այսօր եւս մեկ անգամ, իմ ծննդյան օրվա կապակցությամբ, երդվում եմ իմ 5 թոռների եւ մեր բոլոր փոքրիկների անունով՝ ազնիվ ծառայել մեր երկրին»,- ասել է Բալասանյանը։
Գյուղացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Բալասանյանն անդրադարձել է նաև ադրբեջանական համայնքի վերաբնակեցման հայտարարություններին, նշելով, որ որևէ քայլ, որ կսպառնա արցախցիների անվտանգությանը, կասեցվելու է։
«Եկեք ևս մեկ անգամ համախմբվենք, թույլ չտանք մեզ տարանջատեն, թույլ չտա՛նք։ Կարճ ժամանակում մեր ուժերը համախմբենք, ներդնենք եւ այս վիճակից շուտ դուրս գանք։ 1988-ի փետրվարյան օրերից հետո մեր շրջանը եզակի է եղել, որ շատ արագ համախմբվեց եւ միաբանվեց, զորք ստեղծեց եւ ուղարկեց ճակատ։ Ու նվազագույն կորուստներով մենք հասանք մեծ հաջողությունների։ Եկե՛ք կրկնեք մեր հաղթանակը»,- կոչ է արել Բալասանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»
- Վիտալի Բալասանյան. Լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու
- Արցախի ոստիկանությունը բացահայտել է Բալասանյանի աջակիցների շտաբի դրոշները պոկողին
- Վիտալի Բալասանյան. Ով հողի վրա ապրում է, նա է տերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին