Գորգերի, ոսկերչական զարդերի գներն աճել են
2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.9% գնաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. փետրվարին հունվարի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 1.7%-ով, հագուստինը՝ 1.4%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութերի և քսանյութերի, գրասենյակային պարագաների գները՝ 0.2%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.2%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.4%, խոշոր կենցաղային սարքերի՝1.1% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ 2020թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.9% և 1.5% գնանկում:
2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ բենզինի գներն աճել են 0.8%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.9% և 1.5% գնանկում: