Պատգամավորներն անդրադարձան Գյումրիում տեղի ունեցած կնոջ սպանությանը
«Երեկ Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության հերթական զոհը։ Գյումրիում ծեծի ենթարկվելուց և, ըստ Դատախազության տվյալների, 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո հայտնաբերվել է կնոջ դի, իսկ նրա 13-ամյա աղջկան ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նկատելով, որ այդ դեպքն արդեն երրորդն է այս տարվա ընթացքում՝ պատգամավորը հավելեց. «Ընդամենը երկու օր հետո մեզանից շատերը Մարտի 8-ը կնշեն, փուչիկներ, ծաղիկներ կնվիրեն կանանց, կենացներ կասեն, բայց մինչդեռ շատ ավելի կարևոր է հասկանանք, որ մեր պատկան մարմինների՝ ոստիկանության, դատախազության դերը պետք է վերաիմաստավորվի, որ նման դեպքեր տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»։
Հարցի վերաբերյալ ելույթի ժամանակ իր հուզմունքը չկարողացավ զսպել պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա նշեց, որ կատարվածը մարդկային անտարբերության հետևանք է։ Դեպքը տեղի է ունեցել խիտ բնակեցված թաղամասում, որտեղ մարդիկ պարբերաբար տեսել են այդ ընտանիքի անդամներին կապտուկներով։
Տեղեկացնելով, որ 13-ամյա աղջիկը գլխուղեղի և կրծքավանդակի սալջարդով գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում՝ արհեստական շնչառության ապարատին միացած՝ Բաղդասարյանը հայտարարեց. «Ես կոչ եմ անում ավելի սթափ նայել իրավիճակին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նաև իրավական դաշտում։ Մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կբացառեն ցանկացած տեսակի բռնությունը»։