Հայաստանում գնալով ուժեղանում է աշխատավարձերի առումով բևեռացումը. Բագրատյան
«Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ընթացքում տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի տնտեսության ոլորտում հիմնական խնդիրը: Ըստ նրա մեր երկրում հիմնական խնդիրը՝ ներդրումների զրոյական տեսակարար կշիռն է տնտեսության մեջ:
«Հայաստանում սպառումը 98 տոկոս է: Մինչդեռ, ՀՆԱ ավանդական սպառումն աշխարհում միջինում 74,5 տոկոս է: Զարգացած երկրներում այս ցուցանիշը շատ ավելի ցածր է: Սպառման ամենավատ ցուցանիշն ունեն այն երկրները, որոնց սպառումը հասնում է գրեթե 100 տոկոսի: Դրանց թվում նաև Հայաստանն է: Հիմա, ինչքան խոսում ենք սոցիալական քաղաքականությունից, այդքան ավելի վատ սոցիալական քաղաքականություն ենք վարում: Հայաստանում գնալով ուժեղանում է աշխատավարձերի առումով բևեռացումը, այսինքն ՝ միջին աշխատավարձի չափը գոնե պետք է բերել հասցնել 48 տոկոսի շեմը: Մեր նման երկրներում եթե աղքատների աշխատավարձն ես բարձրացնում, աղքատները դառնում են ավելի աղքատ:Ինչո՞ւ, որովհետև հարստության բաշխումն է վատը և հարուստներն ավելի են հարստանում , քանի որ աղքատին տված փողը գնում է հարուստի ձեռքը: Սա լուրջ խնդիր է»,-ասաց տնտեսագետը:
Այս համատեքստում Բագրատյանը կարծում է, որ Հայաստանի համար տնտեսական լրջագույն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ներդրումների աճ: Սակայն, ինչպես նկատել է բանախոսը, այսօր կառավարությունը չի կարողանում ներդրումներ ապահովել: