Ֆրանսիան ԵՄ խորհրդին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին
2020թ. մարտի 5-ին Ֆրանսիան ԵՄ խորհրդին և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել էին ԵՄ անդամ երկրներից 21-ը՝, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Սլովենիան և Նիդերլանդները: Ֆրանսիան դարձավ 22-ը։
Բելգիան ևս ավարտին է հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չի տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը: