Ինչ խնդիրների են բախվում փակված գիշերօթիկների սաները
2020 թվականի հունվարի մեկից ՀՀ կառավարության որոշմամբ փակվեցին Հայաստանի վերջին 4 գիշերօթիկ հաստատությունները՝ երկուսը Գյումրիում, մեկը՝ Բյուրեղավանում, մյուսն էլ՝ Դիլիջանում։ Ֆինանսական միջոցների սղության և պարտքերի պատճառով տարեսկզբին փակվեց նաև Մայր Աթոռի հովանու տակ գտնվող «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատությունը։
Գիշերօթիկ հաստատությունների փակումը Կառավարությունը մեկնաբանեց որպես բարեփոխում՝ ընդդեմ հուսահատության։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հիմնավորեցին՝ որոշումը մշակվել է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար, և դա ամենևին չի նշանակում, թե նախարարությունը կամ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից։ Պարզապես փոխվում է աջակցության ձևը։
Գիշերօթիկ հաստատությունները փակվեցին՝ 194 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ 43 երեխաներ, որոնց ընտանիք վերադառնալը ռիսկային էր, տեղափոխվեցին «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան» երեխաների խնամքի կենտրոն, որի փակումը կառավարությունը հետաձգել է մինչև 2020 թվականի հունիսի 25։
Թեև կառավարությունը վստահեցնում է, որ երեխաների կյանքի որակն էապես փոխվելու է ընտանիքում ապրելու պարագայում, այնուամենայնիվ, իրականությունն այլ է։
Սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է՝ իրականում ահավոր ծանր է այն երեխաներից ոմանց վիճակը, ովքեր գիշերօթիկ հաստատություններից տուն են վերադարձել։
«Շատ երեխաներ, որոնք գիշերօթիկ դպրոցներ էին հաճախում, ընտանիքների հետ կապված խնդիրներ ունեին։ Երկար ժամանակ մնալով գիշերօթիկ հաստատություններում՝ երեխաները ջերմոցային էֆեկտով են մեծացել, նրանց համար միշտ ամեն ինչ արել են, իսկ իրենք կյանքն ինքնուրույն կազմակերպելու փորձ ձեռք չեն բերել»,- ասաց Թումասյանը։
Նա պատմեց՝ ընտանիքներից մեկին, որի մայրը մահացել է տարիներ առաջ, իսկ 4 երեխաները հաճախում էին գիշերօթիկ դպրոց, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն բոլոր պայմաններով ապահովված բնակարան է նվիրել, սակայն երեխաներն այնտեղ չեն կարողանում իրենց կյանքը կազմակերպել.
«Օրինակ, հեռուստացույցը տեղադրել ենք, ընդամենը միացնելու խնդիրն էր, բայց մեկ շաբաթ հետո այցելում ենք այդ ընտանիք, տեսնում՝ անգամ այդ հեռուստացույցը չեն միացրել։ Բացի այդ, բարերարներն այդ ընտանիքին գումար էին տվել, որպեսզի մինչև գարուն կոմունալ ծախսերը հոգան, սակայն պարզվեց գումարը ծախսվել է այլ նպատակի համար, ինչի պատճառով գազն անջատում էին։ Բացի այդ, երեխաները իրենց տանը հիմա էլ հանգիստ կյանք չունեն, քանի որ հայրը որոշել ու նոր կին է բերել»։
Թումասյանի պնդմամբ, երեխաներին գիշերօթիկ հաստատություններից տուն ուղարկելուց առաջ պետք էր հսկայական աշխատանք կատարել, որպեսզի նրանք պատրաստ լինեին կյանքի նոր ռիթմին. «Մեկ այլ դեպքում, երեխա կա, որ այսօր հոր մոտ է, իսկ հաջորդ օրը՝ մոր։ Շատ դեպքերում էլ երեխաներ որդեգրման կարիք կա, սակայն հարցը մնում է օդում։ Շատ տարիներ հետո սկսում են լաց ու կոծ դնել՝ «վայ, էդ երեխաների հետ սա եղավ, նա եղավ»»։
Երբ երեխային թողնում են բախտի քմահաճույքին, նա հայտնվում է խոցելի դիրքում, ու ամեն ինչ կարող է պատահել։ Այդ պատճառով պետք է բոլոր երեխաներին մոնիտորինգի ենթարկել, պետք է տեսնել՝ նրանցից ով ինչպես է դրսևորվում գիշերօթիկից հետո, ինչպես է կենցաղ վարում։ Պետք է որոշ ժամանակ մնալ նրանց կողքին, օգնել, որպեսզի կարողանան ինքնուրույն կյանքին սովորել»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ եթե ընտանիքն ունի սոցիալ-տնտեսական խնդիր, և այդ պատճառով երեխայի խնամքը ընտանիքում հնարավոր չէ կազմակերպել, պետք է լուծել այդ ընտանիքի սոցիալ-տնտեսական խնդիրը և երեխային վերադարձնել իր կենսաբանական ընտանիք.
«Սղքատության կամ սոցիալական այլ հիմնավորմամբ երեխան չպետք է ապրի ընտանիքից դուրս։ Այդ պատճառով մենք ուսումնասիրել ենք բոլոր ընտանիքների խնդիրները, և կախված ընտանիքում առկա խնդիրներից՝ որոշակի աջակցություն տրամադրվել։ Օրինակ, նման ընտանիքների որոշ ծնողների աշխատանք է առաջարկվել, նրանցից ոմանք հրաժարվել են, մյուսներն էլ աշխատում են, ընտանիքներից շատերի բնակարանները վերանորոգվել են, որոշ դեպքերում էլ բնակարանների վարձերն են փոխանցվում։ Ընտանիքի կարիքից ելնելով՝ երեխաներին տրամադրվում են անհրաժեշտ իրեր՝ հագուստ, գրենական պիտույք, սնունդ, բայց որևէ ընտանիքի նախարարությունն առձեռն գումար չի փոխանցում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա վստահեցրեց՝ ընտանիք վերադարձած բոլոր երեխաների հետ սոցաշխատողները մշտական կապի մեջ են։
Ճշտող հարցին՝ արդյոք բոլոր երեխաներն են հարմարվել ընտանիքում ապրելու կենսակերպին, Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց՝ եթե սոցաշխատողները որևէ խնդիր տեսնեն, միանգամից կահազանգեն դրա մասին. «Դեռ նման դեպքեր չեն եղել»։
Իսկ թե ինչ է սպասվում «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան» երեխաների խնամքի կենտրոնում օթևանած 43 սաներին, եթե նրանց՝ ընտանիք վերադառնալը շարունակվի մնալ ռիսկային, Մարտիրոսյանը նշեց, որ այդ դեպքում երեխաների խնամքը կիրականացվի գործող մանկատներում։
Հարակից հրապարակումներ`
- Տնօրեն. «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն
- Գիշերօթիկի 260 երեխաներ կվերադառնան ընտանիքներ, որոնց կտրամադրվի բնաիրային օգնություն
- Ն. Սարգսյան. Փակում են գիշերօթիկը, երեխաներին տուն ուղարկում, տալիս 77-ամյա խնամքի կարիք ունեցող կնոջ խնամակալությանը
- Էսօր նորից մեծ աղմուկ կլինի, թե կառավարությունը փակում է մանկատներն ու գիշերօթիկ դպրոցները. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան