Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր. Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել
Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը սեպտեմբերի 18-ից մինչ օրս կոմայի մեջ է։
Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը լուրն իմանալուն պես շտապել է Զինվորական հոսպիտալ՝ բողոքի ակցիա իրականացնելու։
«Մինչև հիմա լռել եմ։ Ինչի՞ համար։ Պարոն Փաշինյանն ախպոր պես ինձ խոստացել էր, որ արդար քննություն կանեն, իսկ պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ էս գործը չի կոծկվի։ Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել, որ էս գործը չի կոծկվի։ Դե հիմի մտեք ու կարդացեք մարզպետի համախոհների գրառումները, որ բանակի սպաները ոչ թե սպաներ են, այլ զինվորին բռնաբարողներ, մտեք տեսեք դրանց լայքերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Մխիթարյանը։
Հայրը պահանջում է տեսագրությունները, պատրաստ է ուղարկել փորձաքննության, իսկ քննիչների «ապացույցներն ու փաստերը» աբսուրդ է որակում։
«Մեզ հետ կապ չունեցող մի մարդ զանգահարել է մարզպետարան, ապացուցել է, որ դա դրվել է դեպքից հետո։ Ու էդ ճիվաղը՝ մարզպետը, տեսախցիկը դնողի աղջկան հետին թվով ընդունել է գործի, կարող եք գնալ ու հետաքրքրվել։ Դա արդեն ձեր պարտականությունն է»,-ասաց հայրը։
Ըստ Ս. Մխիթարյանի, գործով զբաղվող քննիչը նաև իրեն ասել է ՝ մարզպետի հեռախոսն առգրավվել են, սակայն կոդ կա ու չի կարողանում ստուգել դրանում առկա ինֆորմացիան։
«Խնդրանք չի լինելու, դրա ժամանակն անցել է, հիմա պահանջատեր լինելու ժամանակն է»,-ասաց փոխգնդապետի հայրն ու հայտարարեց, քնում-զարթնում են, ինչ-որ մարդկանց են գտնում, ովքեր իբր թե օգնել են, կամ տեսել են իր որդուն ընկնելուց։
«Աբսուրդ վկաներ են կանչում, գտնում, ցուցմունքներ են փոխում, որ ծեծողները ճիշտ դուրս գան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորված է, մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, կալանավորվել էր նաև Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- «Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Ակցիա՝ փոխգնդապետին ծեծելու գործով արդար քննություն անցկացնելու պահանջով
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
- «Ժողովուրդ». Փոխգնդապետ Մխիթարյանին քարով հարվածողը հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաներին
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան