«Սալոն 2020»-ը՝ երիտասարդ արվեստաբանների արձագանքին սպասելով
Հայաստանի Նկարիչների միության երեք հարկերի դահլիճներում նախօրեին բացվել է «Սալոն 2020» գարնանային ցուցադրությունը, ներկայացված են կտավներ, քանդակներ և արվեստի այլ գործեր: Այն կգործի մինչև մարտի 15-ը:
Քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ Նունե Թումանյանը ցուցահանդեսից հետո ֆեյսբուքյան գրառում է արել. «Քանի՞ երիտասարդ արվեստաբան էր եկել բացմանը, քանի՞սն են մտադիր գալու և կունենա՞նք արդյոք գոնե մի քանի արվեստաբանի արձագանք, թեկուզ սոց.ցանցերում: Ու չասեք, որ դրա համար ձեզ չեն վճարում: Մեզ էլ առանց գործերին ու անցած ճանապարհին ծանոթանալու չեն վճարում: Չե՞ք հավանի, քննադատե՞ք... բայց մի լռեք...»:
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հիմնականում նկատի ունի Նկարիչների միության անդամ և/կամ դեռևս ուսանող, երիտասարդ արվեստաբաններին: Նա նշեց, որ գրառմանն ավելացնելու բան չունի, բավարար է գրածը մտածելու տեղիք տալու համար:
Նունե Թումանյանի գրառմանն արձագանքել են նրա գործընկերներն ու այլ օգտատերեր:
Արվաստաբան Աննա Լեյլոյանը գրել է. «Արվեստաբանի պարտքն է բոլոր ցուցահանդեսներից, ստեղծագործողներից ու նրանց ընթացիկ գործերից քաջատեղյակ լինելը…այլապես դրանք արվեստաբաններ չեն։ Արվեստաբանությունը լուրջ գիտություն է և ոչ թե հասարակ առևտուր։ Կարծում եմ ու ցավում եմ, որ դաշտը հեղեղված է պատահական, արվեստի հետ կապ չունեցող, արվեստը չսիրող ու անտեղյակ մարդկանցով։ Եթե պետք է պարտադրված գան ցուցահանդեսի, ավելի լավ է չգան։ Հարց է առաջանում այս մարդիկ ինչպե՞ս են դիպլոմ ստացել և ինչպե՞ս են Միություն մտել»:
Նունե Թումանյանի կարծիքով, հիմնականում անցյալի ստեղծագործողներով են զբաղվում, քանի որ պատրաստի նյութեր կան օգտվելու:
Քանդակագործ Արշակ Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք պետությունը ամսական աշխատավարձ է տալիս ՀՆՄ անդամ արվեստաբաններին:
Նունե Թումանյանն արձագանքել է. «Աշխատավարձ չի տալիս, մենք էլ աշխատավարձ չենք ստանում, բայց ստեղծագործում ենք: Իսկ որպեսզի մասնավորը վճարի, պիտի իրենց արած գործը տեսնի»:
Քանդակագործ, գեղանկարիչ Հարութ Եկմալյանը գրել է. «Վարձով գրվածը օբյեկտիվ քննադատություն չի՝ այլ բարեհաճություն վճարված գումարն արդարացնելու համար։ Պատվեր։
Ու այդ գրողն արվեստաբան չէ, այլ արվեստի ոլորտի ժուրնալիստ։
Ու հետո. արվեստաբանը պարտավոր չէ անեն ինչի մասին գրել, բայց պարտավոր է տեղեկանալ և կերպարվեստագետներին ճանաչի անձամբ։
Ոչ թե մենակ իր ախպեր ընկերներին։
Դրա համար էլ ցուցահանդես է պետք գնալ»:
Լուսանկարները՝ Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա