«Եթե պետական համակարգում դավաճան կա, պետք է վարչապետի մեկ ստորագրությամբ ազատվի աշխատանքից և բանտում հայտնվի»
«Միանշանակ դեմ եմ պատերին ծեփել և ասֆալտին փռել արտահայտություններին, հատկապես, երբ վարչապետն է ասում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը։
Պատգամավորի խոսքով, ովքեր հանցագործություն են կատարել, ովքեր երկիրը թալանել են, պետք է պատասխան տան.
«Բայց պետք է ապացուցեն՝ մարդն այսինչ բանն արել է, նոր դատեն, այլ ոչ թե անմեղ տեղը»։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի «անգամ Հիսուսն է սխալվել իր աշակերտներին ընտրելիս» արտահայտությանը, Ղուկասյանն ասաց՝ ընդհանրապես չի ուզում, որ տիրոջ հետ համեմատականներ որևէ մեկն անցկացնի։
«Կուզեի, որ եկեղեցականները խորհուրդ տային, բացատրեին, որ տիրոջ հետ համեմատականներ անցկացնել պետք չէ։ Խորհուրդն էնքան խորն է, որ բոլորս էլ տեղ ունենք սովորելու։ Պատարագի մեկնարկին ասում են «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբ, որ զարդարեցեր վերին պետություն»։ Աստվածաբաններն էլ են ասում, որ սովորելու շատ տեղ ունեն»,- ասաց Ղուկասյանը։
Նա անդրադարձավ նաև 25 տարեկանների՝ դատավոր դառնալու մասին օրենքի նախագծին։ Պատգամավորը նշեց, որ դատավորի թեկնածուն ինչքան էլ ուզում է խելացի լինի, կարմիր դիպլոմ ունենա, պետք է նաև ապրելու փորձ ունենա.
«Միանշանակ կողմնակից եմ, որ տարիքը շատ կարևոր է։ Մարդկանց ճակատագրերի հետ են կապված դատավորների որոշումները, և լավ կլինի, որ մի քիչ համբերեն։ Անապատականների հայր Անտոնն ասում է՝ ով համբերե, նա կեցցե»։
Դիտարկմանը, որ շարունակում է օրակարգային մնալ պաշտոնյաների և նրանց տեղակալների պարգևավճարների հարցը, Ղուկասյանն արձագանքեց՝ կողմնակից է, որ աշխատավարձերը բարձրանան.
«Ոչ միայն նրանց աշխատավարձերը պետք է բարձրացնեն, ում պարգևավճար են տվել, այլ նաև ժողովրդի աշխատավարձերը պետք է բարձրանան։ Կարելի է գտնել ճանապարհը՝ ոնց մարդկանց աշխատավարձերը բարձրացնել»։
Օրեր առաջ վարչապետի հնչեցրած մտքին, որ պետական համակարգում դավաճաններ կան, Ղուկասյանը պատասխանեց, նշելով՝ եթե պետական համակարգում դավաճան կա, պետք է վարչապետի մեկ ստորագրությամբ ազատվի աշխատանքից և բանտում հայտնվի։
«Եթե ասում ենք ու հստակ գործողություն չենք իրականացնում, էդպես լավ չի հնչում։ Առաջ եթե տեսել են՝ պետական դավաճան կա, նման մարդկանց կամ գնդակահարել են, կամ ցմահ դատապարտել։ Եթե էդպիսի մարդիկ կան, ուրեմն անպայման պետք է պատժվեն»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ Ղուկասյանը նշեց, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչի և հարյուրավոր նման մարդկանց պատժելը կոռուպցիայի դեմ պայքար չէ.
«Իսկական կոռուպցիոներներին, որոնք երկիրը օֆշորներում են գրանցել և թալանել, նրանց պետք է պատժել։ Եթե մտնեք որևէ հոգեբուժարան, հարցնեք՝ ով է այս երկիրը թալանել, մի քանի անուն կասեն։ Թողել են գել ու գազանին, ընկել են չգիտես ինչի հետևից։ Թող նայեն՝ ամբողջ ընդերքը ում ձեռքին է, կարևորագույն կառույցների տերերն ովքեր են։ Թող այդ կառույցները դարձնեն պետական սեփականություն, պետական բյուջեն 4 անգամ ավելացնեն, մարդկանց էլ վարդի պես պահեն։ Ես դեմ եմ նաև էդ մեծ շահույթ հետապնդող կառույցների տերերին դատելուն»։
Ինչ վերաբերում է խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնազավթման» օրենքի նախածին, Ղուկասյանը նշեց՝ սահմանված 25 միլիոնի շեմը շատ քիչ է, պետք է այն գոնե 4 անգամ ավելացնել։
«Խորհրդային միության ժամանակ մարդիկ շատ սեփականություն են ունեցել, շատ գույք։ Մենք հիմա ասում ենք՝ բոլորդ գող եք, մի 30 հոգի մաքուր է։ Էդ էլ սիրուն չի։ Մեր ծնողներին, մեր պապերին գո՞ղ ենք անվանում։ Մենք կողմնակից ենք նախագծին, բայց շեմը պետք է բարձրացնել։ Էն միջին խավը, որ մի բան ստեղծել է, նրա ունեցվա՞ծքն ենք ուզում ձեռքներից առնել։ Ես դրան դեմ եմ»,- ասաց Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչների ցանցերը բացահայտված են. Գրիգորյան
- Որ պաշտոնյաների գույքը կբռնագրավվեն
- Փաշինյան. Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ