Սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. փետրվարը 2019թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.8% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի և մսամթերքի՝ համապատասխանաբար 4.4% և 1.1% գնանկումները:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4% գնանկում:
Ձվի գինը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25.9%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ` 18.3%-ով:
Ըստ վիճակագրության՝ մսամթերքի ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.0%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 1.1% գնանկում:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնանկում:
Վիճակագրության համաձայն, 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.2% գնանկում, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:
Ըստ հրապարակման, 2020թ. փետրվարին հունվարի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝0.2%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 4.3% գնաճ (պայմանավորված ալկոհոլային խմիչքի 6.1% գնաճով):