«Ժողովուրդ». Հրահանգ կա, որ այսօր առավոտվանից «Իմ քայլական» պատգամավորները պետք է դուրս գան փողոց և ակտիվ քարոզչություն սկսեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց և ակտիվ քարոզչություն սկսեն` սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։
Ըստ մեր տեղեկությունների` Երևանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում` ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ և թռուցիկներ։ Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաև ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու։
Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության:
Մարզերում ևս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները և մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվեից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քննարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում