Փաշինյանը Գյուլագարակում. Արժանապատվության հարց է, առողջ տղամարդ կգա՞ ու ուրիշ տղամարդուն կասի՞, իմ տան հարցը լուծի՞
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իր գրառման, անակնկալ կանգառ է կատարել։ Նրան դիմավորել են մի քանի քաղաքացիներ, տարեց մի կին նույնիսկ աղ ու հաց էր պատրաստել։
«Կյանքիդ մեռնեմ, աստված ես դու ժողովրդի համար։ Վայ ես քո գլխին մեռնեմ։ Գիտե՞ք խի եմ կանգնել, անտեր կնիկ եմ, տղես գնաց խոպան, որ աշխատի, տունը սարքի, Ռուսաստանում ինֆարկտ խփեց, մահացավ։ Տունս փուլ է գալիս, երեսուն տարի է դիմում եմ գրում՝ մեկն էլ չի արձագանքում»,-Փաշինյանի հետ զրույցում պատմեց կինը՝ ցույց տալով իր տունը։
Վարչապետն ասաց՝ ոչ մի բանով օգնել չի կարող, խոստում տալ նույնպես, քանի որ քարոզարշավի փուլ է։
«Մայրիկ ջան, լավ եղեք, լավ կլինի»,-ասաց նա։
Օգնականները խնդրեցին տարեց կնոջ հեռախոսահամարը։ Մեկ այլ կին էլ մոտեցավ, ասաց, երկրաշարժից տուժել է տունը։ Փաշինյանը հանձնարարեց ճշտել, թե ինչու այդ մարդիկ չկան երկրաշարժից տուժածների ծրագրի ծահառուների ցանկում։
Փաշինյանին մի տղամարդ մոտեցավ, ասաց՝ ապրում են վագոն տնակում։
«Էն կնոջ դեպքն ուրիշ է, քանի որ միայնակ կին է։ Ձեր դեպքն ուրիշ է, քանի որ դու ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես, քո տան հարցը առաջին հերթին դու պիտի լուծես, պիտի աշխատես ու պիտի լուծես։ Պա՞րզ ա»,-պատասխանեց Փաշինյանը։
«Հասկանալի ա»,-Փաշինյանին արձագանքեց տղամարդը։
«Եթե ոտքը, ձեռը տեղը առողջ տղամարդը գալիս է ասում է՝ վարչապետ ջան, կամ առանց ջանի, ես տուն չունեմ... էէէ, ես էլ տուն չեմ ունեցել։ Որտեղի՞ց եմ տուն ստեղծել, աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը։ Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի բան ձեռնարկի, աշխատի, եկամուտ ստացի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու։ Կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդ կգա՞ ու ուրիշ տղամարդուն կասի, իմ տան հարցը լուծի՞, իմ հացի հարցը լուծի», էդ սովորությունը պետք է թարգել, գնա աշխատի ու քո ընտանիքի հարցերը լուծի, ոչ միայն դու, այլև քո կարգավիճակում գտնվող մյուսները»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։