«168 Ժամ». ՀԱՊԿ-ին որևէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որևէ իշխանավոր ոչինչ չի պահանջում
«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը: Բայց հետաքրքիր է, որ Իլհամ Ալիևին «կիրթ» համարողՆիկոլ Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ այս միջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում:
Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն Ադրբեջանի հասցեին, այլ նաև առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, և որը պայմանագրային պարտավորություններ ունի՝ անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ:
ՀԱՊԿ-ը, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարություն անգամ չի անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջանում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները:
Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որևէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որևէ իշխանավոր ոչինչ չի պահանջում: Որովհետև մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում